Զբաղվածության գործակալության և տարածքային կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ դասընթաց Գյումրիում
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկել է «Խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» թեմայով դասընթացը, որին մասնակցում են 11 ներկայացուցիչներ ՀՀ զբաղվածության գործակալությունից, Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Արտաշատի, Հրազդանի, Աշտարակի, Գյումրու, Արմավիրի և Գավառի տարածքային զբաղվածության կենտրոններից:
Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների զգայունությունը ԼԳԲՏԻ խնդիրների նկատմամբ՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության մեխանիզմների, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության և ատելության խոսքի դրսևորումների կանխարգելման մասին:
Բացման խոսքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով զբաղվածության գործակալության և տարածքային կենտրոնների հետ համագործակցությունը, և ներկայացրեց ծրագրի նպատակը և խնդիրները:
Երեք օրերի ընթացքում փորձագետներ Ռոբերտ Ռևազյանը, Ավետիք Իշխանյանը և Արա Ղազարյանը կքննարկեն մարդու իրավունքների, խտրականության կանխարգելման, խոսքի ազատության սահմանափակումների և ատելության խոսքի թեմաները:
Այսօր Ռոբերտ Ռևազյանը և Ավետիք Իշխանյանը ներկայացնում են մարդու իրավունքների հասկացությունը, ծագումը և սերունդները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային փաստաթղթերն ու պաշտպանության մեխանիզմները:
Դասընթացն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում: