Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ հետազոտություն

                                                                    

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները ՀՀ-ում հետազոտությունն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում  անհանդուրժողականությունը, խտրական վերաբերմունքը, ատելության խոսքի դրսևորումները և իրավունքի ոտնահարումը  ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ շարունակում են խնդիր մնալ:   Անհանդուրժողականությունը փակ շղթայի պես պտտվում է  հանրության տարբեր օղակներով՝ հեռուստաեթերներից մինչ ընտանիք, ընտանիքից  մինչ  ուժային կառույցներ,  քաղաքական,  քաղաքացիական, սոցիալական նախաձեռնություններից   մինչ   միջանձնային հարաբերություններ:   Այն  տարբեր  հանրային գործընթացներին զուգահեռ հասարակության   տարբեր օղակներում   ունենում  է    իր  բուռն դրսևորումները:  ԼԳԲՏԻ համայնքի հիմնախնդիրների մասին տեղեկատվության պակասը, ոչ կոմպետենտ անձանց  սիրողական   տեսակետների հանրայնացումը ԶԼՄ-ների կողմից,  անձի սեռական կողմնորոշման փաստի շահարկումը քաղաքացիական և քաղաքական գործընթացներում ձևավորելով  գենդերային կարծատիպեր՝ նպաստում են ԼԲԳՏԻ  անձանց նկատմամբ իրականությունից զուրկ  պատկերացումների ստեղծմանն ու դրանց հանրայնացմանը: Այս ամենը   մարդուն  ներանձնային  հոգեբանական բարդույթներից  տանում-հասցնում են  մինչ  մարդու իրավունքի խախտումների, արժանապատվության ոտնահարման,  սեռական բռնության  և  այլ  իրավախախտումներով լի հակաժողովրդավարական մի ճանապարհի, որով հնարավոր չէ  մոտենալ և առավել ևս հասնել  իրավահավասար, ժողովրդավար  պետություն ստեղծելու տեսլականին, ինչի շնորհիվ միայն Հայաստանի Հարապետությունը  կդառնա քաղաքակիրթ աշխարհի բաղկացուցիչ մաս:

Յուրաքանչյուր երկրում  ԼԳԲՏԻ  համայնքը  տվյալ երկրի  հասարակության  անքակտելի  մասն է՝ տվյալ հանրությանը բնորոշ  դրսևորումներով, կարծատիպերով և սովորույթներով: ԼԳԲՏԻ անձիք  անհանգստանում են  նույն սոցիալ-քաղաքական հարցերով,  մշակութային կամ սպորտային, կրոնական, իրավական, ռազմական  և ամենատարբեր  ոլորտներում առկա  հիմնախնդիրներով, ինչ հասարակության մյուս անդամները: Որքան անհանդուրժող է հասարակությունը, նույնքան էլ անհանդուրժող կարող են լինել հենց ԼԲԳՏ համայնքի ներկայացուցիչները՝ իրենք իրենց նկատմամբ: Ուստի հանրային հանդուրժողականությունը խիստ կարևոր նշանակություն ունի առողջ  հոգեկերտվածքով  անձի  և  քաղաքացու  ձևավորման  գործընթացի  վրա: Իսկ նման քաղաքացիների քանակական առկայությունը կարող է բերել հանրային որակական փոփոխության՝  ձևավորելով հանդուրժող,  մարդու իրավունքը գնահատող, կրթված,   խտրական վերաբերմունք  ու բռնություն չհանդուրժող,  ժողովրդավար հասարակություն:

Մինչդեռ Հայաստանում  ԼԲԳՏԻ համայնքի նկատմամբ  անհանդուրժողականությունը, հանրային տարբեր օղակներում պտտվելով, արտահայտվում  է մարդու իրավունքների խախտումներով, խտրական վերաբերմունքով  և այլ  բազմասեկտոր դրսևորումներով: