«Փորձում ենք խրախուսել բարեխիղճ և պրոֆեսիոնալ լրագրողներին»

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը և լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին Մեդիա կենտրոնում ներկայացրել են կազմակերպության կատարած երկու հետազոտությունները՝ «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ» սոցիոլոգիական հետազոտությունը և «2016թ.-ին ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ էլեկտրոնային մամուլում խտրականության, ատելության խոսքի և բռնության կոչերի վերաբերյալ» զեկույցը:

Նանե Բագրատունիի խոսքով՝ ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձինք ամենաշատ խտրական վերաբերմունքի և բռնության են ենթարկվում իրենց ընտանիքներում և ուժային կառույցներում՝ ոստիկանությունում, կալանավայրերում, բանակում:

Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի 10 մարզերում ու Երևանում, խորքային հարցազրույցներ են անցկացվել թվով 111 անձանց հետ: Նրանց մեծամասնությունը ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներ են: Վերջիններս նշել են, որ իրենց նկատմամբ ուժային կառույցներում դրսևորվել է խտրականություն՝ ուղեկցված հոգեբանական և ֆիզիկական բռնություններով: ԼԳԲՏԻ անձինք խտրականության են ենթարկվում նաև առողջապահական և կրոնական կառույցների կողմից:

Նանե Բագրատունին իր խոսքում ընդգծեց, որ ԼԲԳՏԻ համայնքը մեր հասարակության անքակտելի մասն է կազմում և իրենց էլ է հատուկ բոլոր այն կարծրատիպերը, որոնք առկա են հայաստանյան հասարակությունում: «ԼԳԲՏԻ համայնքի ներսում ևս կա խտրականություն: Օրինակ, նույնասեռականները ունեն տրանսֆոբիա, նրանք չեն ընդունում տրանսսեքսուալ անձանց»,- նշեց Նանե Բագրատունին:

Նանե Բագրատունին և Նարե Հովհաննիսյանը նշեցին, որ ԶԼՄ-ները ևս նպաստում են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության տարածմանը: «Մեր իրավաբաններն ուսումնասիրել են 30 հրապարակում, որից 10-ի մեջ կան ակնհայտ բռնության կոչեր, ատելության քարոզ՝ հենց վերնագրերում»:

Նարե Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ լրագրողները հաճախ իրենց չիմացության պատճառով են վիրավորական արտահայտություններ գործածում: «Պատահում է, որ նյութը չեզոք է գրված, վիրավորելու նպատակ չունի, սակայն սխալ տերմինների գործածությունը ևս վիրավորական է համայնքի ներկայացուցիչների համար»:

Նարե Հովհաննիսյանը նշեց, որ ԶԼՄ-ներում ԼԲԳՏԻ անձանց վերաբերյալ տեղեկատվության որակի բարձրացմանը նպաստելու նպատակով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն արդեն երկրորդ տարին անցկացնում է «Բազմազանություն» լրագրողական մրցանակաբաշխություն: «Անցած տարի մեզ ուղարկել են թվով 10 լրագրողական նյութեր, այսինքն՝ որակյալ նյութերի քանակը դեռ այդքան էլ շատ չէ: Մենք փորձում ենք խրախուսել լրագրողներին, որպեսզի նրանք բարեխղճորեն և պրոֆեսիոնալ մոտենան իրենց աշխատանքին»,- հայտարարեց Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգողը:

«Բազմազանություն 2016» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարին: