2016 թվականին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բազմաթիվ հաջողություններ է արձանագրել

Հարգելի բարեկամ,

Եվս մի քանի օր և մենք հրաժեշտ կտանք 2016թ.ին։ Այն մեզ համար եղել է կայացման և աշխատանքներով լեցուն ու պայքարի տարի։

2016թ-ին մեր ՀԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարդու իրավունքների և շահերի պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ստեղծմանը, երիտասարդական փոխանակման ծրագրերի շարունակականությանը, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։

Ցավով պետք է նշեմ, որ դեռ Հայաստանում մնացել են խնդիրներ, որոնք փոփոխության կարիք ունեն՝ այն է խարանի և խտրականության առկայությունը, դատարանների կողմնակալ վերաբերմունքը ռազմավարական նշանակություն ունեցող գործերին, ՔԿՀ-ներում խոցելի խմբերի հանդեպ եղած վերաբերմունքը և այլն։

Անցնող տարում մենք իրավական և հոգեբանական խորհրդատվություն մատուցեցինք հարյուրավոր քաղաքացիների, իսկ ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ մեր մատուցած խորհրադտվությունների թիվը հասնում է 1500-ի։ Աջակցություն ցուցաբերեցինք նաև սոցիալապես անապահով ընտանիքներին։

Հատկանշական էր նաև մեր ՀԿ-ի կողմից  Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցներին ենթադրամաշնորհային ծրագրերով աջակցելը և Հայաստանում տրանսգենդերների հիմնախնդիրներով զբաղվող առաջին ՀԿ-ի ստեղծումը։

ՆՍՀԿ-ի թիմը համալրվեց նոր աշխատակիցներով և փորձագետներով, ձեռք բերեցինք նոր գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս ամենը մեր համեստ ներդրումն է` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում։

Այսպիսով, թույլ տվեք շնորհավորել բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող 2017 թվականը լինի սիրո, հարգանքի և խաղաղության տարի։

Լավագույն ցանկություններով՝

Սերգեյ Գաբրիելյան

«Նոր Սերունդ» Մարդասիրական

ՀԿ Նախագահ