ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
28.09.2017 թվականին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի փողոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ անձը վարելով իր ավտոմեքենան կանգ է առել տրանս* անձանց կողքին, և մեքենայի հետևի նստատեղին նստած կինը սկսել է իր հեռախոսով նկարել երեք տրանս* անձանց: Վերջիններս հորդորել են չնկարել իրենց, սակայն ապարդյուն: Դրանից հետո կողմերը միմյանց հայհոյել են, որի արդյունքում տեղի է ունեցել վիճաբանություն:
Վարույթ իրականացնող քննիչի կողմից տուժող է ճանաչվել ավտոմեքենայի վարորդը և ավտոմեքենայում նստած կանանցից մեկը: Տրանս* անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի հիմքով: Բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ անհիմն կերպով կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց: ՀՀ-ում անձանց նկատմամբ կիրառվող արատավոր պրակտիկան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, շարունակվում է. անհիմն կերպով մարդիկ զրկվում են ազատությունից: Կալանքը ՀՀ-ում վաղուց արդեն չի կիրառվում որպես նախաքննության խոչընդոտումը արգելող, պատժից և պատասխանատվությունից խուսափող անձանց պատասխանատվությունը անխուսափելի դարձնող և արդարադատությանը ծառայող մեխանիզմ:
Անձիք, որոնց նկատմամբ կիրառվել է կալանքը, որպես խափանման միջոց, չեն կատարել ոչ մի արարք, որը հիմք կտար մտածելու, թե նրանք կարող են ցուցաբերել վարքագիծ, որի կանխումը պահանջում է նրանց նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց: Ամեն դեպքում վարույթ իրականացնող մարմինը որևէ նման փաստարկ չի բերել, ուստի կարելի է եզրակացնել, որ անձանց նկատմամբ կալանքը կիառվել է հիմք ընդունելով նրանց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կոչ է անում բոլոր պետական մարմիններին ցուցաբերել անկողմնակալություն, զերծ մնալ խտրականության որևէ դրսևորումներից՝ այդ թվում անձի սեռական կողմնորոշման հիմքով:
Գործի առթիվ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տրանս* անձանց տրամադրել է իրավաբան-փաստաբաններ և անցկացնում է խնդրի մանրամասն ուսումնասիրություն ու մշտադիտարկում, որի արդյունքները կներկայացվեն հաշվետվության տեսքով, և հարկ լինելու դեպքում գործը կուղարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։