«Առողջ բանավեճի խրախուսումը նպաստեց սեմինարի էֆեկտիվությանը»

Հունվարի 13-15-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սեմինար էր կազմակերպել մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար «Կարողությունների զարգացում հանուն մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության կանխարգելման» թեմայով:

«Դասընթացը շատ լավ էր կազմակերպված: Ես նոր գիտելիքներ ստացա, ինձ համար հատկապես նոր էր «Անվտանգ տարածքներ» թեման: Մասնակիցները ևս ճիշտ էին ընտրված, մեր մեջ փորձի փոխանակում ևս եղավ»,- իր տպավորություններով է կիսվում դասընթացի մասնակից, Եղեգնաձորի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանը:

Դասընթացին ներկայացվել են հետևյալ թեմաները.

  • Մարդու իրավունքներ. հիմնական հասկացություններ, սահմանումներ, պաշտպանության մեխանիզմներ
  • Խտրականություն, տեսակները և խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը, կանխարգելման միջոցները
  • Մարդու իրավունքների խախտումների և խտրականության դեպքերի փաստաթղթավորում
  • Աշխատավայրերը առավել ներառական դարձնելու գործողությունների պլանի մշակում:

«Սեմինարների ամենադրական կողմը ճիշտ ընտրված հաջորդականությունն էր, որով մատուցվում էր տեղեկատվությունը՝ մարդու իրավունքներ, խտրականություն, անվտանգ տարածքներ, ինչի շնորհիվ ունկնդիրները բավականին լավ ընկալեցին նյութը: Պրակտիկ աշխատանքները, գործողությունների ազատությունը, որ տրվում էր դրանք կատարելիս, առողջ բանավեճի խրախուսումը նույնպես նպաստեցին սեմինարների էֆեկտիվությանը: Ընդհանուր, նամանավանդ դատելով ամեն դասախոսությանը բացականեր գրեթե չլինելուց, սեմինարը շատ լավ անցավ»,- կարծում է Արտաշատի Քաղաքացիական Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Բայանդուր Պողոսյանը:

Դասընթացը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից իրականացվող «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության կողմից և նպատակ ունի հզորացնել ՔՀԿ-ների՝ խտրականության կանխարգելմանն ու ապահով տարածքների ստեղծմանն ուղղված կարողությունները: