Քաղաքացին անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու առթիվ դիմել է դատարան

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբանական բաժին է դիմել քաղաքացի Ա.Ս.-ն՝ խնդրելով իրավաբանական աջակցություն, քանի որ ՀՀ զինվորական կոմիսարիատը խախտել է իր անձնական տվյալների գաղտնիությունը:

 

Քաղաքացու վարորդական իրավունքի ուժը կորցրած է ճանաչվել Ճանապարհային Ոստիկանության կողմից՝ հիմնվելով ՀՀ զինվորական կոմիսարիատի փոխանցած տեղեկատվության վրա:  ՀՀ զինվորական կոմիսարիատը Ճանապարհային Ոստիկանությանն էր տրամադրել 2010-2012թթ. հոգեկան հիվանդություններով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված  (ժամանակավորապես ոչ պիտանի  ճանաչված) անձանց ցանկը, այդ թվում՝ Ա.Ս.-ին վերաբերող անձնական տվյալներ:

 

Քաղաքացին, գտնելով, որ խախտվել է իր անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբանական բաժնի օգնությամբ դիմել է ՀՀ վարչական դատարան և ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանին:

 

Դատարանին քաղաքացի Ա.Ս.-ն խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարված գրառումը իր վարորդական վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև ճանաչել իր նկատմամբ  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից դրսևորված խտրականության արգելքի խախտման փաստը՝ հոգեկան հիվանդության հիմքով:

 

Իսկ Շուշան Դոյդոյանին քաղաքացին խնդրել է ճանաչել  իր անձնական տվյալների գաղտնիության խախտման փաստը ՀՀ զինվորական կոմիսարիատի կողմից: