Aravot.am-ի անդրադարձը «Նոր Սերունդ»-ի հետազոտությանը

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության, իրավունքի խախտումների ամենաբարձր տոկոսը գրանցվել է ուժային կառույցներում: «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի խախտումները Հայաստանում» նոր սոցիոլոգիական հետազոտությունը: Նշված ձևաչափով առաջին անգամ է կատարվում հետազոտություն: Լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին, մանրամասնելով արձանագրված արդյունքները, նշեց. «Նույնասեռականների նկատմամբ բռնությունների և խտրականության կիրառման հարցում առաջին տեղում ուժային կառույցներն են, հետո ընտանիքն ու ժամանցի վայրերը: ՀՀ-ում ամենից քիչ լեսբուհիներն ու բիսեքսուալներն են ենթարկվում բռնության, քանի որ մեր հասարակությունը կանանց մտերմությանը նորմալ է վերաբերվում, եթե ցուցադրական բաներ չկան»:

Նանե Բագրատունին փաստեց, որ ՀՀ-ում ԼԳՏՊ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ ծնվում ու մեծանում է անհանդուրժողական միջավայրում: Անդրադառնալով ուժային կառույցներում նշված խմբին պատկանող անձանց նկատմամբ գրանցված բռնություններին՝ հետազոտողն ասաց. «Կան տարբեր դրսևորումներ՝ սեռական, ֆիզիկական բռնություններ, ծեծ, ատելության խոսք, անհանդուրժողականություն: Օրինակ, երբ բանակում հայտնի է դառնում, որ անձը նույնասեռական է, նա ենթարկվում է հոգեբանական ճնշումների, մեկուսացվում է, էլ չեմ խոսում սեռական բռնությունների մասին: Դեպքեր են պատմել, որ մեղմ պահվածքի պատճառով երիտասարդին ենթարկել են սեռական բռնության՝ վստահ լինելով, որ նա նույնասեռական է, բայց իրականում՝ ոչ, մինչդեռ իրական նույնասեռականը թաքցրել իր նույնասեռականությունը և ծառայել բանակում: Նման դեպքերում սեռական բռնության ենթարկվելուց հետո երիտասարդը կարծում է, թե ինքն արդեն դարձել նույնասեռական, ինչը երբեմն ավարտվում է ինքնասպանությամբ»:

Բռնությունների բարձր տոկոս է գրանցվել նաև ընտանիքներում. «Բռնությունները կիրառվում են արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ծնողների կողմից: Հաճախ նրանք լքում են ընտանիքը և զրկվում ծնողների հետ շփումից, ինչի հետևանքով ևս հոգեբանական խնդիրներ են առաջանում, և անձն արտագաղթում է»: Նանե Բագրատունին նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ պետական մարմիններում ևս եղել են բռնություններ նույնասեռականների նկատմամբ: Նանե Բագրատունին պատմեց, որ հարցմանը մասնակցած որոշ նույնասեռականներ պատմել են, թե որոշել են ամուսնանալ. «Մի նույնասեռական ասաց, որ հանուն ծնողների որոշել է ամուսնանալ, երեխաներ ունենալ, որպեսզի գյուղում իրենց մասին վատը չխոսեն, սակայն պնդեց, թե շարունակելու է ունենալ իր ծածուկ կյանքը»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/17/846054/

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից