Անհատական խնդիրները լուծվում են, համակարգայինը՝ ոչ

 

ofelya_zalyan-1

 

 

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության դիտորդական խումբն այսօր ներկայացրել է 2014-15թթ.-ի հաշվետվությունը: Այնտեղ հստակ նշված են այն խնդիրները ու խոչընդոտները, որոնց հիմնականում առնչվում են ազատազրկված մարդիկ: Դիտորդական խմբի անդամները, բացի արձանագրված խնդիրներից նաև ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների աշխատանքները 2016 թվականի ընթացքում որոշակիորեն խոչընդոտվել են։

 

Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ 2005 թ.-ից ի վեր խումբը խնդիր չի ունեցել տեսակցելու ցանկացած դատապարտվածի եւ ցանկացած խուց մտնելու համար։   «2016 թվականից որդեգրվեց մի քաղաքականություն, որ եթե քննիչի կողմից արգելանք է դրված որևէ անձի նկատմամբ, խումբը չի կարող այդ անձի հետ տեսակցել։ Միաժամանակ, խմբի անդամներին թույլ չէին տալիս մտնել խուց և դիտարկում իրականացնել։ Խումբը առհասարակ զրկվեց կալանավորվածների խուց մտնելուց»։

Ներկայացնելով 2014-15 թթ. –ին կատարված ուսումնասիրության արդյունքները՝ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը տեղեկացրեց, որ բացահայտված խնդիրները վերաբերել են մասնավորապես բժշկական ոլորտին, վաղաժամ ազատ արձակման, պահման պայմաններին՝ գերբնակեցմանը և հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Նա նշեց, որ հիմնականում լուծվում են անհատական խնդիրները, իսկ համակարգայինները լուծում ստանում են շատ դանդաղ։

15218567_1136127256436127_1919922617_n

 

Դիտորդական խմբի անդամ, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Սահակյանն էլ տեղեկացրեց, որ խտրականությունը քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ գլխավոր խնդիրներից մեկը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, չգրված օրենքներին չենթարկվողներն ու նույնասեռականները հիմնական թիրախային խմբերն են:
Արման Սահակյանը բացատրեց, որ չգրված օրենքներին չենթարկվողներին հաճախ անվանում են «թռածներ»: «Այս մարդիկ հաճախ իրենց դիմումի համաձայն տեղափոխվում են առանձնացված խցեր, որոնց անվանում են «թռածների խցեր»:

 

Մեկ այլ խնդիր է, մեթադոնային բուժում ստացող անձանց վերաբերող խտրական վերաբերմունքը: Արման Սահակյանի խոսքով՝ այս անձինք կրկնակի խոցելի են, քանի որ և բուժման կարիք ունեն և խտրական վերաբերմունքի են արժանանում. «Դատապարտյալները մեզ պատմել են, որ ՔԿՀների աշխատակիցները իրենց անվճար բուժման ծրագրում գրանցելուդիմաց որոշակի ծառայություններ են պահանջում, այնինչ մեթադոնային անվճար բուժում ստանալը բուժման կարիք ունեցողների իրավունքն է», – հայտարարեց Արման Սահակյանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ իրենք ծանոթ են ուսումնասիրություններին և ներկայացրել են իրենց առարկությունները, սակայն փորձում են բարձրացված խնդիրներին լուծում տալ։