ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2016թ.-ի նոյեմբերի  25-ին ժամը 07:20-ի սահմաններում, Երևան քաղաքի  Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի դիմացի հատվածից Մ.Տ-ին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով  երկու անգամ  հարվածել է վերջինիս դեմքի շրջանին`պատճառելով ֆիզիկական ցավ:

2016թ.-ի  դեկտեմբերի 2-ին դեպքի առիթով  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի  փաստաբան Արա Ղարագյոզյանը Մ.Տ-ի հետ  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում՝ հետաքննիչի մոտ  մասնակցել է վերջինիս  կողմից  գրավոր բացատրություն  տալու  դատավարական գործողությանը:

Այնուհետև Երևան քաղաքի վարչությունը Մ.Տ-ի վերաբերյալ  նախապատրաստված նյութերն ուղարկել է  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին:

2016թ.-ի դեկտեմբերի 8-ին  ՀՀ ոտիկանության Կենտրոնական բաժնում Արա Ղարագյոզյանը՝ Մ.Տ-ի հետ մասնակցել է գրավոր բացատրության ներկայացմանը՝ 2016թ.-ի նոյեմբերի 25-ին ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու  դեպքի վերաբերյալ: Այնուհետև, ավարտելով բացատրությունը, նույն բաժնում հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

Մ.Տ-ի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հարուցվել է  թիվ X քրեական գործը և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

2016թ.-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Դոխոյանը որոշում է կայացրել Մ.Տ-ին տուժող ճանաչելու մասին:

2017թ.-ի  հունվարի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Արա Ղարագյոզյանը պաշտպանյալի հետ մասնակցել է դատավարական գործողության՝ տուժողի հարցաքննությանը: Որպես տուժող՝ Մ.Տ-ն  մանրամասն ցուցմունք է տվել դեպքի վերաբերյալ  և հայտնել, որ իրեն ոստիկանները ծեծի են ենթարկել և ազատությունից ապօրինի զրկել են իր գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման պատճառով:

Այժմ գործը գտնվում է նախաքննության փուլում: Փաստաբան Արա Ղարագյոզյանը պայմանավորվածություն է ձեռք բերել հոգեբանի հետ՝ Մ.Տ-ի վերաբերյալ Ստամբուլյան արձանագրություն կազմելու համար, որը հետագայում կներկայացավի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

2017թ.-ի մարտի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը Մ.Տ-ի հետ միասին մասնակցել է առերեսմանը՝ ՀՀ ոստիկանության հինգ աշխատակիցների հետ (Սամվել Մարգարյան, Վահան Ղազանչյան, Շահեն Խաչատրյան, Գևորգ Սարգսյան,  Գագիկ Պետրոսյան): Առերեսման ժամանակ տուժողը  ճանաչեց այն ոստիկանին,  ով  դեպքի օրը, մեքենայի մեջ, նրան  ծեծի էր ենթարկել: Դա Սամվել Մարգարյանն էր: Մյուս ոստիկաններին նույնպես  ճանաչեց առերեսման ժամանակ և նրանց ներկայությամբ պնդեց, որ  նրանց կողմից ենթարկվել է բռնության և  անմարդկային վերաբերմունքի: Ոստիկանները հերքեցին ծեծի ենթարկելու փաստը, սակայն ընդունեցին այն փաստը, որ տուժողին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության  Կենտրոնի բաժին:

2017թ.-ի հոկտեմբերի 10-ին  Արաբկիր և  Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  քննության է առել  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից ներկայացված Մ.Տ-ի վերաբերյալ  քրեական հետապնդումը  չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին  ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացրած 06.03.2017թ.-ի որոշման, 16.03.2017թ.-ի բողոքը  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի  կողմից 23.03.2017թ.-ի  բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոքը:

Ամբողջությամբ  ներկայացվել է բողոքի հիմնավորումները: Դատախազը չէր ներկայացել բողոքի քննությանը, միայն ներկայացել էր քննիչը: Սակայն քննիչն այդպես էլ չկարողացավ  հակափաստարկներ ներկայացնել բողոքի հիմնավորումների վերաբերյալ: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Նախաքննության և դատաքննության փուլերում շահառուին կշանունակվի տրամադրվել փաստաբանական աջակցություն «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից: