«Նոր Սերունդը» Հայաստանում հյուրընկալել էր գերմանաբնակ ռուսախոս գործընկերներին

2016 թվականին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բազմաթիվ հաջողություններ է արձանագրել, որոնցից մեկն էլ գերմանաբնակ գործընկերների հետ նոր որակի համագործակցության ձեռբերումն է: Այս տարի «Նոր Սերունդը» Հայաստանում հյուրընկալել էր Գերմանիայում բնակվող ռուսախոս իրավապաշտպաններին, որոնց այցի նպատակը կազմակերպության գործունեությանը առավել մոտիկից ծանոթանալն ու համագործակցության նոր ծրագրերի մշակումն էր:

Գերմանաբնակ ռուսախոս երիտասարդների «Երիտասարդություն» միության և ռուսախոս ԼԳԲՏ անձանց «Կվարտիրա» հասարակական կազմակերպության թվով 8 ներկայացուցիչներ Հայաստանում անցկացրած շաբաթի ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամների հետ միասին ծրագրեր մշակեցին, որոնց իրականացումը նախատեսված է 2017 թվականին: Հաջորդ տարի «Նոր Սերունդ»-ի անդամներն են այցելելու Գերմանիա`համագործակցության ամրապնդման նպատակով:

«Մենք «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հետ այս տարի մասնակցում էինք մի ծրագրի, որը տեղի էր ունենում Գերմանիայում և Ուկրաինայում: Մենք շատ արագ ընկերացանք հայկական պատվիրակության հետ և հասկացանք, որ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել»,- պատմում է Սվետլանա Պրոխորովան՝ «Երիտասարդություն» միության Բավարիայի գրասենյակի ներկայացուցիչը:

 

Սվետլանայի խոսքով՝ իրենց հաջողվել է երկու ծրագիր նախագծել, որի իրականացման համար համատեղ ջանքեր պետք է գործադրեն թե Հայաստանի, թե Գերմանիայի իրավապաշտպանները: «Արդեն կան գաղափարներ կոնկրետ ծրագրերի և դրանք առնչվում են ոչ միայն ԼԳԲՏ անձանց իրավունքներին: Միգրանտների իրավունքների վերաբերյալ էլ ենք ցանկանում ծրագիր իրականացնել: Միգրանտների խնդիրը շատ ակտուալ է Գերմանիայում»,- ասում է Սվետլանա Պրոխորովան:

«Կվարտիրա» ՀԿ-ի ներկայացուցիչ Յուլիա Գրինևան մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք օգնում են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներին ծանոթանալ և համագործակցել միմյանց հետ. «Ես շատ ուրախ եմ, որ մենք էլ ենք միացել այս ծրագրին: Հաճախ հարևան երկրներում աշխատող կազմակերպությունները մեր միջոցով են ավելի հեշտ կապ հաստատում իրար մեջ և սկսում համագործակցել: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր, ուստի մեր համագործակցության հնարավորությունները շատ մեծ են»:

 

«Այստեղ եկեղեցիները շատ տարբեր են…»

 

Յուլիան և Սվետլանան նաև կիսվեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին. «Մեզ շատ դուր եկավ ամբողջ այցը, քանի որ մեզ վերաբերվում էին շատ ջերմ առանց որևէ պաթոսի, անմիջական: Ամեն ինչի մասին հոգ էին տարել մեր հայ գործընկերները: Երկիրը ևս շատ դուր եկավ, օրինակ, երբ շուկա ենք գնում, մարդիկ մանրամասն քեզ ներկայացնում են ապրանքը, սակայն քեզ չեն պարտադրում գնել այն, եթե ոչինչ չես գնում, հետևիցդ տհաճ բաներ չեն ասում: Մենք շատ համեղ ուտեստներ ենք ուտում այստեղ»,- ժպտալով ասում է Յուլիան:

«Հայաստանում մենք մշակութային լավ ծրագիր ունեինք. այցելեցինք Խոր Վիրապ, Էջմիածին, Գեղարդ: Այստեղ եկեղեցիները շատ տարբեր են, երբ ներս ես մտնում, զգում ես, որ սա մի վայր է, որտեղ դու կարող ես ինքդ քեզ հետ լինել՝ անկախ նրանից, թե դու որ կրոնին ես պատկանում: Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են: Բոլոր պատրաստ են քեզ հետ խոսել՝ սրճարանում, տաքսիում»,- ասում է Սվետլանան:

Գերմանաբնակ ռուսախոս իրավապաշտպանների խոսքով`իրենք անհամբեր սպասում են հայ գործընկերների այցին`Գերմանիա: