Դասընթաց քաղաքապետարանների ներկայացուցիչների համար Գյումրիում

2017 թ.-ի փետրվարի 8-10-ը Երևանի և ՀՀ մարզերի քաղաքապետարանների ներկայացուցիչները Գյումրիում մասնակցել են «Խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» թեմայով դասընթացի, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել քաղաքապետարանների ներկայացուցիչների զգայունությունը ԼԳԲՏԻ խնդիրների նկատմամբ՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության մեխանիզմների, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության և խոշտանգումների, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելման մասին:

Երեք օրերի ընթացքում քննարկվել են վերոնշյալ թեմաներին վերաբերող ուշագրավ հարցեր, որոնց դասընթացավարներ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը տվել են համապարփակ պարզաբանումներ:

Առանձնակի ուշադրություն են դարձրել հատկապես այն հարցերին, թե որոնք են մարդու իրավունքների խախտումները և ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքները պաշտպանելու համար, ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունն և ատելության խոսքը որ ոլորտներում է դրսևորվում, քննարկվել են ատելության խոսքի և խոսքի ազատության, զրպարտության և վիրավորանքի տարբերակումը, ինչպես նաև վերջիններիս կանխարգելման միջոցների ստեղծման և կիրառման միջոցները:

Դասընթացն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում: