Նախարարությունների ներկայացուցիչները իրազեկ են՝ հանուն խտրականության արգելքի և ժողովրդավար հասարակության

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում 2017 թ.-ի սեպտեմբերի 26-28-ը իրականացրել է «Խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» թեմայով դասընթացը, որին մասնակցել են ՀՀ Առողջապահության, Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման, Կրթության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչները:

Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների զգայունությունը ԼԳԲՏԻ խնդիրների նկատմամբ՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության մեխանիզմների, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության և ատելության խոսքի դրսևորումների կանխարգելման մասին:

Դասընթացի առաջին օրը իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մարդու իրավունքների հասկացությունը, ծագումը, սերունդները մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կառույցները և կազմակերպությունները ներկայացնելուց հետո հանգամանորեն խոսել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի, ԼԳԲՏ անձանց առնչվող իրավական փաստաթղթերի և Հայաստանի ստանձնած պարտավորությունների, ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների իրավական կարգավորումների մասին:

«Խոսքի ազատություն, ատելության խոսք» թեմայի շրջանակում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանը դասընթացի երկրորդ օրը ներկայացրել է «Խոսքի ազատություն», «Ոչ նյութական բարիքների հասկացությունը» և «Վիրավորանք, զրպարտություն, ատելության խոսք» թեմաները: Այնուհետև անդրադարձել է ատելության խոսքի քրեաիրավական հետևանքներին, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և և պայմաններին:

Երրորդ օրը մասնակիցները խտրականության հարցերով փորձագետ Անահիտ Չիլինգարյանի հետ հավասարության և խտրականության տեսությունը տեսությունը քննարկելուց հետո անդրադարձել են խտրականության համընդհանուր արգեքին և խտրականության տեսակներին, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերին և խտրականության արգելքի վերաբերյալ միջազգային ու ներպետական իրավակարգավորումներին:

Դասընթացը հագեցած էր գործնական խաղերով և քննարկումներով, թեմատիկ նյութերի դիտումով և քննարկումով: