ԶԼՄ ներկայացուցիչներն առաջնագծում՝ ընդդեմ ԼԳԲՏԻ+ անձանց հանդեպ խտրականության
2017թ.-ի օգոստոսի 28-ից 31-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» դասընթացը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում:
Դասընթացի առաջին օրը փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ» թեման: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին մարդու իրավունքների ծագումը և հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները, մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կառույցները և կազմակերպությունները, ԼԳԲՏԻՔ+ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում և այդ իրավունքների խախտումների իրավական կարգավորումները: Թեման ավելի լավ յուրացնելու համար դասընթացը ներառում էր նաև պրակտիկ աշխատանքներ, տեսահոլովակների դիտում և քննարկում, իրավիճակային խնդիրների քննարկումներ և այլն:
Դասընթացի երկրորդ և երրորդ օրերին փորձագետ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց «Խարան և խտրականություն», «Խոշտանգում», «Խոսքի ազատություն և ատելության խոսք» թեմաները: Ներկայացվեցին խտրականության և խարանի տեսակները և դրսևորումները, խտրականության հիմքով դրսևորվող խախտումները և հետապնդումները, խոշտանգումը՝ որպես անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խտրականության դրսևորումները և տարածումը զանգվածային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցում, ատելության խոսք հասկացությունը, ատելության խոսքի և խոսքի ազատության փոխհարաբերությունը՝ սահմաններն ու իրավաչափ սահմանափակումները, ատելության խոսք և մարդու իրավունքներ օնլայն տիրույթում և այլն: Տվյալ թեմաները նույնպես բաղկացած էին տեսական և գործնական մասերից: Տեսական նյութը յուրացնելուց հետո՝ մասնակիցները ներգրավվեցին պրակտիկ աշխատանքներում, որն իր մեջ ներառում էր խմբային աշխատանքներ, դերախաղեր և ակտիվ քննարկումներ:
Ընդհանուր առմամբ դասընթացն անցավ շատ ակտիվ և հագեցած: Մասնակիցները մեծ հետաքրքությամբ և ակտիվությամբ մասնակցեցին բոլոր աշխատանքներին ու քննարկումներին:
Ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:
Դասընթացն իրականացվել է «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան, Անցումային Առաջխաղացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: