Լրագրողները մասնակցեցին «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» թեմայով դասընթացին

«Մարզային լրագրողների մոտ  որոշակի խմբերի և երևույթների նկատմամբ կան խիստ արմատավորված կարծարատիպեր».

Օգոստոսի 28-31-ը Գյումրիում ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվեց «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում:

Երևանից և տարբեր մարզերից ընտրված շուրջ 10 լրագրողներ 4 օրերի ընթացքում փորձառու բանախոսների շնորհիվ ուսումնասիրեցին «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ», «Խոսքի ազատություն և ատելության խոսք»,  «Խարան և խտրականություն», «Խոշտանգում» թեմաները, որոնք այսօր ավելի քան արդիական են, քանի որ ամեն վայրկյան լրագրողի անտեղյակության պատճառով կարող է խտրական վերաբերմունքի զոհ դառնալ յուրաքանչյուրը կամ  խախտվել նրանց իրավունքները:

Դասընթացավար «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքերով, լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությամբ էական դերակատարում ունեն խտրականության կամ ատելության խոսքը կանխելու գործում, միաժամանակ, սակայն, հենց նրանք կարող են հանդիսանալ խտրականության կամ ատելության խոսքի տարածողները, եթե բավարար գիտելիքներ և կարողություն չունենան երևույթները և իրադարձությունները գնահատելիս:

«Կայացած սեմինարի մասնակից մարզային լրատվամիջոցներից ակնկալվում էր, որ նրանք ավելի բաց պետք է լինեն հանդուրժողականության պահանջների ընդունման և խտրականության տարածումը բացառելու գործում: Իրականում, դասընթացի ընթացքում պարզվեց, որ մարզային լրագրողների մոտ  որոշակի խմբերի և երևույթների նկատմամբ կան խիստ արմատավորված կարծարատիպեր: Այդ հիմքով նրանք անձնական հուզական գնահատականները չեն զսպում նաև  լրագրողի մասնագիտական գործունեության մեջ և թույլ են տալիս խտրական վերաբերմունք և ատելության խոսքի դրսևորումներ:  Խտրականության և ատելության խոսքի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է լրագրողների վերապատրաստումները և նման դասընթացները դարձնել պարբերական թե՛ ներպետական, թե՛ միջազգային մակարդակներում»:

Դասընթացը ոչ միայն տեսական մասով էր հարուստ. կար նաև գործնական հատված, որի ժամանակ՝ թիմային աշխատանքի արդյունքում, ԶԼՄ ներկայացուցիչներն իրավիճակին համապատասխան կարողացան ճիշտ և անկողմնակալ վերաբերմունք արտահայտել:

Լրագրող Օֆելյա Սիմոնյանը նշեց, որ սեմինարի ժամանակ անակնկալի է եկել նույնասեռականների իրավունքների պաշտպանության մասին դասընթացին մասնակցող լրագրողների հայտնած դիրքորոշումից.

«Կարծում էի, որ նմանատիպ սեմինարին մասնակցության պատրաստակամություն հայտնած մարդիկ`այն էլ այնպիսի անկյունաքարային մասնագիտության տեր, ինչպիսին լրագրությունն է, բարիերները հաղթահարված կլինեին, հանդուրժողական վերաբերմունքը իրենց տեսակից տարբերվող երևույթների ու անձանց նկատմամբ`ամրապնդված: Ցավոք՝ սխալվում էի: Նույնիսկ տարիների փորձ ունեցող ժուռնալիստները մարդու իրավունքների մասին պատկերացումները վերաարժևորելու խնդիր ունեն: Այս առումով «Նոր սերունդ»-ը մեծ աշխատանք ունի կատարելու։ Մեկ կամ երկու սեմինարով մարդկանց համոզմունքները չես փոխի, տևական աշխատանք է պետք, ինչն էլ կազմակերպությունը հաջողությամբ կատարում է»:

Դասընթացավար «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ դասընթացի մասնակիցները մի քանի ժամում դժվար թե կարողանային իրենց տեսակետները, գուցե նաև խտրական վերաբերմունքը փոխել ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին.

«Չեմ կարծում, որ իմ 6 ժամվա դասընթացը կարող էր էական փոփոխության հասցնել, քանի որ մեկ օրում փոփոխություն նկատել հնարավոր չէր, ամեն դեպքում, իրազեկման նման դասընթացներն ու վերապատրաստումները շատ կարևոր են, հատկապես լրագրողների համար»:

Քառօրյա դասընթացի ժամանակ, ընդմիջումների և հանգստի ժամերին մասնակից լրագրողների և դասընթացավարների միջև շարունակվում էին թեժ զրույցները, քննարկումները, որն արդեն իսկ վկայում էր այն մասին՝ սեմինարը ստացվել էր և ունենում էր իր ազդեցությունը:

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ:

Ռոզա Վարդանյան

Սույն հոդվածում արտահայտված դիրքորոշումներն ու մեկնաբանությունները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության տեսակետների հետ: