LIFE2 Արտագնա տեղեկատվական հարթակ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար

Ահա և ավարտվեց LIFE2 արտագնա տեղեկատվական հարթակը: Այս անգամ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում սկսնակ ՏՍՏ և Տրանս* ակտիվիստների համար նախատեսել էր աննախադեպ ձևաչափով հանդիպում:

Տեղեկատվական հարթակի նպատակն էր ՏՍՏ և Տրանս* համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

LIFE2-ի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեց «Մարդու իրավունքներ» և «Առողջության իրավունք» թեմաները, որի ընթացքում դասընթացի փորձագետ ՆՍՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը: Խոսվեց նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, դատարանի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին: «Առողջության իրավունք» թեմայի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ՀՀ-ում բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և բժշկական գիտելիքների ցածր մակարդակի, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքի և խտրականության հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ: Հանդիպման ողջ ընթացքն ուղեկվցում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով:

Առաջին օրվա բաղադրիչներից մեկն էր նաև պլենար նիստը, որը վարում էր  Ամերիկայի  Միացյալ Նահանգների Կառավարության ղեկավարության պետական ​​դեպարտամենտի արտաքին ծառայության աշխատակից Սոմեր Բեսսիր-Բրայերսը:

LIFE2 երկրորդ օրը սկսվեց ՆՍՀԿ նախագահ, «Առողջության իրավունք» ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի կողմից «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը» թեմայի ներկայացմամբ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՄԻԱՎ և ՁԻԱՀ տերմինների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարբերության, փոխանցման ուղիների և կենսական հեղուկների, պահպանակների ճիշտ օգտագործման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու կարևորության մասին, այնուհետև իրավաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթներին և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքերի մասին:

Երկրորդ օրը նույնպես նախատեսված էր պլենար նիստ, որին մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Սերգեևան, «Առաքելություն Արևելք» Մարդասիրական Օգնություն Կազմակերպության աշխատակից Սոնա Օրբելյանը և ՄՀՀ-ի ներկայացուցիչ Արմեն Աղաջանովը: Պլենար Նիստի փորձագետներին մասնակիցները հղեցին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ստացան սպառիչ պատասխաններ:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

______________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

 Գլոբալ Հիմնադրամի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն

 ECOM-ի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» ծրագրի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն