«Ճանապարհորդություն դեպի ըմբռնում և ընդունում» դասընթաց

2017թ.-ի սեպտեմբերի 12-20-ը, Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Ճանապարհորդություն դեպի ըմբռնում և ընդունում» հակախտրականության դասընթացին:

Դասընթացի նպատակն էր ոչ-ֆորմալ կրթական մեթոդներով նախապատրաստել դասընթացավարների նոյեմբերին կայանալիք երիտասարդական փոխանականակման համար: Դասընթացը հագեցած էր  տեղեկատվությամբ, արդյունավետ և հետաքրքիր աշխատանքով, լեցուն էր էներգիայով և մեծ տպավորություններով: Բացի շենքի ներսում իրականացվող կրթական, միևնույն ժամանակ զվարճալի ու հետաքրքիր աշխատանքներից, դասընթացը ներառում էր նաև բացօթյա հետաքրքրաշարժ և ուսուցողական գործողություններ, ինչպիսիք են առագաստանավով նավարկության թիմային աշխատանքը, ուսուցողական զբոսանքը քաղաքով և հանդիպումները հասարակության խոցելի խմբերի՝ ԼԳԲՏԻՔ+ անձանց և համայնքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԹՆՕ-ների, միգրանտների և փախստականների և այլ խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների՝ «Տոլերադո» ՀԿ-ի,  «Սոպոտ ինտեգրման և աջակցության կենտրոն»-ի, «Իմիգրանտների Խորհուրդ»-ի հետ: Հանդիպումների ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին տվյալ կազմակերպությունների գործունեությունն ու աշխատանքը՝ ուղղված խոցելի խմբերի խնդիրների և կարիքների բացահայտմանը և լուծմանը: Սա շատ օգտակար հնարավորություն էր մասնակիցների համար՝ տեսնելու և մտածելու, թե այդ գործողություններից որոնք արդյունավետ ու կիրառելի կլինեն իրենց երկրներում:

Ընդհանուր առմամբ, դասընթացն ուսուցողական էր, ակտիվ և հագեցած օգտակար տեղեկատվությամբ՝ զինելով մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով գալիք երիտասարդական փոխանակումը վարելու համար: