Հանդիպում Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի /ECOM/ ներկայացուցիչների հետ

2017 թ.-ի մարտի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի» /ECOM/ ծրագրերի ղեկավար Ելենա Գերմանի և իրավական հարցերով շահերի պաշտպանության մասնագետ Յուրի Յուրսկիի հետ:

Հանդիպման սկզբում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց ՀԿ-ի ստեղծման պատմությունը`անդրադառնալով ՀԿ-ի առաքելությանը, որդեգրած ուղղություններին և նպատակներին:

Ծրագրերի մասին խոսելիս Ս. Գաբրիելյանը մասնավորապես շեշտադրեց այն խոչընդոտները, որոնց ՀԿ-ն առերեսվում է հասարակության կամ տարբեր պետական կառույցների կողմից ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ առկա անհանդուրժողականության մթնոլորտի պատճառով:

Այնուհետև ՀԿ-ի ծրագրերի համակարգողներ Նարե Հովհաննիսյանը և Արտյոմ Մովսեսյանը խոսեցին ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությանը և ՏՍՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի մասին՝ մասնավորապես կարևորելով ԼԳԲՏ+ և ՏՍՏ անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում ՀԿ-ի ձեռքբերումները: Իսկ ՀԿ-ի աութրիչ աշխատողները խոսեցին ՏՍՏ անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունների և արդյունքների մասին:

Հյուրերը հետաքրքրված էին այն ուսումնասիրություններով, որոնք «Նոր Սերունդ»-ը նախաձեռնել էր`բարձրաձայնելու համար ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ առկա ատելության խոսքի դրսևորման պատճառների և հիմնական ոլորտների, տրանսգենդեր անձանց սեռափոխության կարիքների և իրավական կարգավորումների խնդիրների մասին:

Այնուհետև «Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի» /ECOM/ ծրագրերի ղեկավար Ելենա Գերմանը ներկայացրեց ՏՍՏ անձանց ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծառայությունների Ուկրաինայի փորձը և ECOM-ի ստեղծման պատմությունն ու նպատակները:

Հանդիպման ավարտին ECOM-ի իրավական հարցերով շահերի պաշտպանության մասնագետ Յուրի Յուրսկին անցկացրեց սեմինար «Սեռականություն և տրանսգենդերություն» թեմայով՝ հատկապես շեշտը դնելով ինտերսեքս անձանց առնչվող խնդիրներին իրավապաշտպանության ոլորտում: