Միջադեպ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ
2017թ.-ի հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ից 18:00-ը Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» հանրային քննարկումը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը: 2012-2016թթ. ոստիկանության կողմից պաշտոնապես գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը: Նրա խոսքով, միայն 2016 թվականին 359 քրեական գործ է եղել, որից 61.7 %-ը վերաբերել է ծեծին: Ընդ որում, ուշագրավն այն է, որ ավելացել է կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնությունների թիվը. եթե 2016թ.-ին այն կազմում էր բռնությունների ընդհանուր թվի 1%-ը, ապա 2017թ.-ին այն հասել է 4.3%-ի:
Ելույթների ընթացքում նախագծի ընդդիմախոսներից մեկը մոտեցավ նախարար Դավիթ Հարությունյանին և օմբուդսմեն Արման Թաթոյանին. «Պարոն Թաթոյան, ինչպե՞ս է պատահում, որ համասեռամոլություն քարոզողները միաժամանակ քարոզում են նաև այս օրենքը»:
Ներկաներից «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Լույս» տեղակատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, Խաչիկ Ստամբուլցյանը և օրենքի այլ ընդդիմադիրներ սկսեցին ձայնի իրավունք պահանջել: Մոդերատորը նշեց, որ նրանք ունեն միայն հարց ու պատասխանի իրավունք: Ընդդիմադիրներից շատերը դա չհանդուրժեցին, սկսեցին գոռգոռալ և շրջափակեցին նախարարին՝ իրենց պահանջներով ու բողոքներով: Արդյունքում մատենադարանի դահլիճում մեծ իրարանցում սկսվեց։ Հայկ Նահապետյանը նախ իր համախոհներին կոչ արեց լքել դահլիճը, ապա դիմելով քննարկումը կազմակերպողներին ասաց. «Էդ ֆորմատով կգնաք «պի…ների մոտ»:
Ի վերջո, քննարկումը բոյկոտողներին թույլ տվեցին ելույթ ունենալ:
Մոտ 15 րոպե տևողությամբ ելույթ ունեցավ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, ով իր խոսքն ամփոփեց հետևյալ նախադասությամբ. «Եթե նախագիծը մտցնեք Ազգային ժողով, մենք մեր կեցվածքը հրապարակավ կցուցադրենք. սա շանտաժ չէ, սիրով ասված խոսք է»:
Վերջինիս խոսքից հետո ընդդիմադիրներից մի քանիսը փորձեցին բռնի ուժով խլել բարձրախոսը և ելույթներ ունենալ: Արդյունքում դահլիճում գտնվող հանրային սեկտորի ներկայացուցիչների մեծ մասը լքեց դահլիճը:
Երկարատև տարաձայնություններից հետո, ի վերջո արտահայտվելու հնարավորություն տրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին, սակայն վերջինիս ելույթը նույնպես մի քանի անգամ անհարգալից կերպով ընդհատվեց ընդդիմադիրների կողմից:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է պայքարի նման ձևաչափը՝ բռնությունը և հորդորում ընդդիմադիր կողմի ներկայացուցիչներին դրսևորել փաստերի վրա հիմնված և առավել քաղաքակիրթ կեցվածք: