Հետերոսեքսիզմ*. http://armhels.com

«Ակտիվիստները հաղորդում են, որ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը որպես պաշտպանության հիմքեր ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության խոսքը կարգավորող օրենքների մեջ` սահմանափակելով իրավական ճանապարհը ԼԳԲՏԻ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների դեպքերում»,- իր տարեկան զեկույցում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հայաստանյան իրադրությունն այսպես է բնորոշել Human Rights Watch-ը (մանրամասն` այստեղ):

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը կարծրատիպերի և ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առկա խտրականության դեմ պայքարելու ողջամիտ քայլեր չի ձեռնարկել։

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին են վկայում նաև տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվությունները, զեկույցներն ու հետազոտությունները։

«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության իրականացրած «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքի ոտնահարման դրսևորումները ՀՀ-ում» հետազոտության (հետազոտությունը` այստեղ ) տվյալներով՝ ԼԳԲՏԻ  անձինք առավել հաճախ խտրականության են ենթարկվում ուժային կառույցների կողմից։

«Ֆիզիկական և սեռական բռնությունները, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումները, հոգեբանական ճնշումները, անարդարացի վերաբերմունքը ուժային կառույցներում՝ քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում և ոստիկանությունում հասնում են 100%-ի»,- տեղեկացնում է «Նոր սերունդ» ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը։

Եթե խտրականության, խոշտանգման մյուս զոհերը որպես պայքարի միջոց կարող են դիմել ՀՀ ոստիկանություն,  ՀՀ դատական և վարչական մարմիններին, ապա ԼԳԲՏԻ անձանց իրավունքները ոտնահարման վտանգի տակ են։

Հովհաննիսյանի համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է ենթարկվել խտրականության, քանի որ որևէ հատկանիշով տարբերվում է մյուսից, բայց  կան խմբեր, որոնց իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ավելի թույլ են գործում կամ ընդհանրապես չեն գործում:

«Պատճառները բազմաթիվ են: Մեզանից որևէ հատկանիշով տարբեր մարդու նկատմամբ ներքին վախերը կամ հոմոֆոբիան (իռացիոնալ վախ, հակակրանք կամ ատելություն նույնասեռականության, նույնասեռական կամ այդպիսին ընկալվող անձանց նկատմամբ) կարող են հանգեցնել խտրական վերաբերմունքի դրսևորման: Հետո մեր ազգային-մշակութային արժեքները, որոնք մի խումբ մարդկանց՝ այդ թվում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ստեղծում են մերժողական վերաբերմունք: Ամենակարևորը օրենսդրական դաշտում գոյություն ունեցող բացերն են, որոնք մի կողմից անհնարին են դարձնում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը, մյուս կողմից ստեղծում են անպատժելիության մթնոլորտ»,- մեզ հետ զրույցում նշեց Նարե Հովհաննիսյանը։

2003 թվականի ապրիլի 18-ից ՀՀ-ում նույնասեռականությունը քրեորեն պատժելի չէ և չի համարվում հանցագործություն: ԼԳԲՏԻ անձինք ունեն ՀՀ Սահմանադրությամբ, ներպետական և միջազգային ակտերով երաշխավորված  նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք, և այդ իրավունքներն ու ազատությունները չեն կարող ոտնահարվել այլոց կողմից։

Թեև ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն առանձին իրավունքներ չեն, բայց որոշ արևմտյան երկրներում գործածվում է «ԼԳԲՏԻ իրավունքներ» եզրը՝ ներառելով կենսաբանական սեռը փոխելու, սեռական հարաբերությունների ազատության, համասեռական ամուսնության, երեխա որդեգրելու և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքները։

Հայաստանում, սակայն, ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դրսևորումները անպատիժ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել հակախտրականության մասին օրենք։

* ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ դրսևորվող խտրականություն

Հեղինակ`Աննա Կարապետյան

Հոդվածը  պատրաստվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի  շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան»-ի  աջակցությամբ: