Հայտարարություն

LGBTflag«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստագույնս դատապարտում է  2016թ.-ի փետրվարի 15-ին մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏԻ ակտիվիստների դեմ կատարված բռնությունը և հայտնում իրավական աջակցության տրամադրման  իր պատրաստակամությունը դեպքից տուժած անձանց: Այս արարքը բացահայտ ոտնձգություն է և ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում ինչպես ԼԳԲՏԻ համայնքի, այնպես էլ ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների, համախոհների նկատմամբ:

Փետրվարի 15-ի երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում անհայտ 3 անձի կողմից հայհոյելով, ծաղրելով ծեծի են ենթարկվել ԼԳԲՏԻ ակտիվիստներ՝ երկու աղջիկ, երկու տղա, մեկ տրանսգենդեր կին:

Դեպքից հետո բռնության ենթարկվածները Թումանյանի արձանին հարող տարածքը հսկող պարետային ոստիկանին հայտնել են կատարվածի մասին, իսկ երեկ առավել շատ տուժած երիտասարդը դիմել է բժշկի, ցույց տվել վնասածքները և կատարվածի վերաբերյալ դիմում ներկայացրել ոստիկանություն:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել, հայտնաբերելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։

Միաժամանակ կոչ ենք անում տուժածներին չերկնչել և չլռել կատարվածի վերաբերյալ և դիմել համապատասխան իրավապաշտպան մարմիններ իրենց խախտված իրավունքները վերանականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Տեղի ունեցածը ակնհայտ խուլիգանություն է՝ զուգորդված տուժածներին մարմնական վնասվածքներ պատճառելով:

Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, քանի դեռ հանցանշանները չեն վերացել՝

  1. Բացատրություններ վերցնել կատարվածի վերաբերյալ, hարուցել քրեական գործ:
  2. Հայտնաբերել մեղավորներին, քանի դեռ պատասխանատվությունից խուսափելու որևէ փորձ չեն կատարել:
  3. Նշանակել դատաբժշկական փորձաքննություն վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար:

Գտնում ենք, որ կատարվածը  մարդասիրության, մարդու պատվի և արժանապատվության, անձեռնմխելիության միջազգային նորմերով երաշխավորված սկզբունքներին դեմ է։