20 երիտասարդներ տեղեկացվեցին մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների մասին

IMG_2208«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փետրվարի 16-ին «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա»-ի վերաբերյալ դասընթացը, որին մասնակցեցին 20 երիտասարդներ Երևանի տարբեր բուհերից և հկ-ներից:

Դասընթացը վարում էր «Նոր Սերունդ» ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը:

Մասնակիցները նախ ուսումնասիրեցին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (ՄԻԵԿ/ECHR)»: Այնուհետև անդրադարձան ՀՀ կողմից վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին:

Դասընթացավարը ներկայացրեց նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները խտրականության հենքով պայմանավորված գործերում:

Դասընթացն ավարտվեց խաղով, որի ժամանակ մասնակիցները խմբակային քննարկման միջոցով որոշեցին նորաստեղծ պետության համար կարևոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք կարևոր են արդար, խաղաղ ու բարեկեցիկ համատեղ կյանք կազմակերպելու համար: Նրանք մասնավորապես կարևորեցին կյանքի, ընտրության, աշխատանքի, ազատության, արդար դատաքննության, ընտանիքի, կրթության, հավասարության և այլ իրավունքներ:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ապագայում նմանատիպ դասընթացներին մասնակցելու պատրաստակամություն հայտնելով: