Քննարկում «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

IMG_0441Փետրվարի 19-ին Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցչության խորհրդակցական դահլիճում տեղի ունեցավ քննարկում «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

Քննարկումը նախաձեռնել և կազմակերպել էր «Նոր սերունդ» մարդասիրական հկ-ն՝ «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը և համապատասխան պաշտպանական մեխանիզմների մշակումը:

Քննարկումը վարում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, փորձագետ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս ներկայացրեց «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անցյալում և ներկայում իրենց ներկայացրած առաջարկությունները:

«Հայաստանը, դառնալով Եվրախորհրդի անդամ, ստանձնել է որոշակի միջազգային պայմանավորվածություններ և պարտականություններ: 2012 թվականի մայիսին՝ բազմաթիվ դիմում-բողոքներից հետո՝ ուղղված Ստրասբուրգի միջազգային դատարանին՝ կապված մեր երկրում խղճի, հավատի իրավունքների ոտնահարման  հետ, ՀՀ այս օրենքում կատարվեցին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես լուծվեց այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների այլընտրանքային զինվորական ծառայության հարցը: Նրանց, ըստ հավատի և համոզմունքների, տեղավորեցին ծառայության ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումներում: Նշեմ նաև, որ անցած շուրջ 10 տարվա ընթացքում Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափել է շուրջ 450-ից ավելի Եհովայի վկա, ովքեր դատապարտվել են ազատազրկման: Մինչդեռ ՀՀ Կառավարությունն այս 10 տարիների ընթացքում տարկետում է տրամադրել մոտ 1150 մարդու, որոնց գերակշիռ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցուն են դավանում»,- ասաց Արթուր Սաքունցը՝ չնշելով, թե վերջիններս կոնկրետ ինչ պատճառով են տարկետում ստացել, և որտեղ է խախտվել օրենքը:

Նա խոսեց նաև բանակում սեռական  փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին՝ շեշտելով միջանձնային հարաբերությունների կարգավորման կարևորությունը:

Ա. Սաքունցը նշեց, որ բռնապետական որոշ երկրների համեմատ, ինչպես օրինակ Ադրբեջանն է, մեր երկիրը լուրջ առաջընթաց ունի, որով բավարարվել չի կարելի:

Նա տեղեկացրեց, որ նման քննարկումները պետք է շարունակվեն և նշված օրենքում նոր փոփոխությունների կարիք կա՝ միտված խոցելի խմբերի իրավունքների ընդլայնմանը:

Քննարկմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց հետ Ա. Սաքունցը քննարկման վերջում կատարեց կարծիքների փոխանակում և ամփոփում:

Քննարկմանը ներկա էր նաև Վանաձորի տարածքային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչը:

Արթուր Միկոյան 

Սկզբնաղբյուրը՝ «Լոռու մարզ» թերթ, թիվ 13, փետրվարի 24, 2016