ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՇՏԱԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր պետություն, որն իր առջև խնդիր է դրել լինել սոցիալական, առաջնահերթ ուշադրությունը պետք է սևեռի առողջ, սոցիալապես լիիրավ անդամի ձևավորմանը և զարգացմանը: Յուրաքանչյուր պետության ապագան է հանդիսանում նրա առողջ սերունդը: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի` 2013 թվականի դրությամբ Հայաստանում աղքատ է բնակչության 32,4 տոկոսը, նրանցից 13,5 տոկոսը շատ աղքատ է, իսկ 2,8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Շիրակի մարզում աղքատ է մարզի բնակչության մոտ կեսը` 46 տոկոսը:[1]

2013 թվականի ապրիլ ամսվա դրությամբ մարզկենտրոնում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 7212 մարդ և աճը նախորդ տարվա ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 594 մարդ:[2]

Աշխատանք փնտրողների թիվը 2014 թվականի մարտի վերջի դրությամբ Շիրակի մարզում կազմել է 9101 մարդ, նրանցից 8386 եղել են գործազուրկներ: Գործազուրկներից 7536 եղել են ք. Գյումրիից:[3]

Համաձայն երեխայի իրավունքների հռչակագրի, «յուրաքանչյուր երեխա ունի կրթվելու, սիրված և հասկացված լինելու իրավունք` իր ընտանիքի կողմից, բայց վերջիններիս բացակայության կամ անկարողության դեպքում պետությունը պետք է փոխարինի նրանց»:

Ցավո’ք, բազմաթիվ ընտանիքներ այսօր ի վիճակի չեն հոգալ երեխաների անգամ առաջնային կարիքները: Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալական վիճակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ժամ առ ժամ աճող արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը իրենց դրոշմն են թողնում անչափահաս երեխաների ներկայի և ապագայի վրա:

Գրանցված հանցագործությունների քանակն ըստ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի` Շիրակի մարզում 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 202 միավոր, իսկ 2014 թվականի հունվար-մարտ ամիսների 282 միավոր:[4]

Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2013 թվականի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից մեկն է եղել Շիրակի մարզից:[5]

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական կազմակերպությունը` «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Անչափահաս երեխաների աջակցման և ինտեգրման ծրագիր», որն ուղղված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անապահով ընտանիքների աջակցմանը և Գյումրու ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքում /այսուհետ` ԱԳԲ/ գրանցված անչափահաս երեխաների աջակցմանն ու ինտեգրմանը համայնքում: Ծրագրի շրջանակում, փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմակերպվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անապահով ընտանիքների հիմնախնդիրները, դրանք ծնող պատճառները և առաջարկել այդ խնդիրների հաղաթահարման համար համապատասխան լուծումներ:

[1] armstat.am

[2] 2013 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծական զեկույց

[3] armstat.am

[4] armstat.am

[5] armstat.am

Ներբեռնել զեկույցը