Սերգեյ Գաբրիելյան. ԶԼՄ-ները ցանկություն չունեն համագործակցել քաղաքացիական հասարակության հետ

Sergey-GabrielyanՀետազոտություն է իրականացվել առցանց տիրույթում, թե ինչպես են տարբեր ԶԼՄ-ներ լուսաբանում խտրականության թեման: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

«Հատկապես տաբու է, ավելի շատ քննադատական մոտեցում է ցուցաբերվում, կարելի է ասել սովետական ժամանակահատվածից ներդրված եւ հասարակության մեջ ավելի շատ ատելություն պարունակող թեմաներ են՝ ԼԳԲՏ-երի վերաբերյալ նյութերն են, թմրամիջոցները, ներարկային օգտագործողների վերաբերյալ նյութերն են: Դրանք այն նյութերն են, որոնք ԶԼՄ-ներն ավելի շատ ոչ թե փորձում են ճիշտ ներկայացնել, այլ փորձում են էլ ավելի շատ խտրականություն սերմանել հասարակության մեջ, այսինքն՝ օբյեկտիվ տեղեկատվություն չեն ներկայացնում: Իսկ ներկայացված տեղեկատվությունը իրենց կարծիքն է կամ այստեղից-այնտեղից վերցրած ինֆորմացիան»,- ասաց նա:

Ըստ նրա, լրատվամիջոցների աշխատակիցները տերմինոլոգիային, իրականությանը չեն տիրապետում, պետք է կարդալ, ուսումնասիրել. «Ես զարմանում եմ, որ այսօր ԶԼՄ ներկայացուցիչները օրինակ օգտագործում են «համասեռամոլ» բառը, երբ որ կա հստակ դիրքորոշում, հստակ մոտեցումներ, որ «մոլ» բառը մոլուցք է նշանակում, հիվանդություն, իսկ դա հիվանդություն չէ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանել է, Հայաստանի Հանրապետությունը հանել է դա արդեն իր քրեական օրենսգրքից, ապաքրեականացվել է այդ հոդվածը: Դա բուժման ենթակա չէ, որովհետեւ մարդն այդպես ծնվում է, ոչ թե դառնում է: Դա նորից արդեն փորձում են շահարկել, փորձում են սխալ տեղեկատվություն ներկայացնել ի օգուտ նրա, որ մի քանի մարդ նորից մտնի իրենց թերթերը կարդա կամ գնի: Այդտեղ հասկանում ես, որ ԶԼՄ-ները ցանկություն չունեն համագործակցել քաղաքացիական հասարակության հետ: Պետք է համագործակցել, պետք է կարդալ, պետք է ուսումնասիրել, որպեսզի ճիշտ, օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրես»:

Սերգեյ Գաբրիելյանը համարում է, որ հասարակությունը իրականության մասին տեղեկացված չէ. «Մի գործոն կա՝ պետական մոտեցումն է, որ քաղաքական կամք, քաղաքական դիրքորոշում պետք է լինի: Ես հիշում եմ ժամանակի ընթացքում, երբ որ դեռ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ էր շատ մեծ խտրականություն, նորից ատելություն էր: Բայց եղավ քաղաքական կամք, քաղաքական դիրքորոշում եւ պարզ եղավ, որ այդ մարդիկ հավասար իրավունքի տեր են եւ պիտի ապրեն հավասար, իրար կողք կողքի եւ պետք է այդ մարդկանց ընդունել: Նույնն էլ այստեղ է, եթե այսօր Ազգային ժողովի պատգամավորն է խտրականություն քարոզում, եթե այսօր փաստաբանն է հեռուստաեթերով կոչ անում, որ նման մարդկանց պետք է վառել, ջարդել, եւ դրա դեմ քաղաքական ոչ մի դիրքորոշում չկա, ոչ մի ամբիոնից չի բարձրաձայնվում այդ հարցը, որ ժողովուրդ, ի՞նչ ենք անում մենք, մենք մեր հասարակությունն ենք պառակտում, որովհետեւ թե՛ թմրամիջոց օգտագործողները, թե՛ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թե՛ ԼԳԲՏ-ները, թե՛ կրոնական փոքրամասնությունները հասարակության մի մասնիկն են կազմում, ինչպե՞ս կարելի է պառակտել:

Երբ քաղաքական կամքը, քաղաքական թելադրանքը չկա ինչ-որ չափով, համագործակցությունը չկա նաեւ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է խտրականության դեմ պայքարի օրենքը, մենք վաղը կունենանք քանդված, պառակտված, իրար չհասկացող, իրար չընդունող հասարակարգ: Կարելի է ասել, ոչ թե վաղը կունենանք, այլ արդեն ունենք դա»:

 

http://www.aravot.am/2016/03/21/669599/ 

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից