Սեմինար դասընթաց Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը թեմայով ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մշտապես կարևորել է մարդկանց ինչպես ՄԻԱՎ-ի, այնպես էլ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկելը և հասարակության տարբեր ներկայացուցիչներին նոր գիտելիքներ փոխանցելը։ Այդ նպատակով 2017թ. հունիսի 15-ին Երևանում  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր հերթական սեմինարը «Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը» թեմայով ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների համար։ Սեմինարին մասնակցում էին տարբեր տարիքի մասնակիցներ, ինչը ավելի էր հետաքրքրացնում սեմինարի ընթացքում քննարկումները։
Սեմինարը վարում էր ՆՍՀԿ իրավաբան Լուսինե Նալբանդյանը։ Սեմինարի սկզբում  մասնակիցների հետ  ծանոթացման խաղից հետո  Լուսինեն ինտերակտիվ  եղանակով պարզեց ներկաների՝   իրավունք հասկացության վերաբերյալ ունեցած պատկերացումները։ Մասնակիցները ակտիվորեն ընդգրկվեցին քննարկման մեջ և յուրաքանչյուրն արտահայտվեց իր իրավաընկալման մասին։

Իրավաբանը ներկայացրեց նախ մարդու իրավունքների ընդհանուր հասկացությունը, այնուհետ ներկայացրեց անձի բնական իրավունքները  «Բնական և պոզիտիվ իրավունքները ծառի տեսքով»  վիզուալ  գծապատկերի միջոցով և բացատրեց դրանց փոխհարաբերակցությունը։ Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին մարդու հիմնարար ազատությունները և կարևորագույն անձնական իրավունքները, մասնավորապես ծանոթացան կյանքի իրավունք, աշխատանքի ազատ ընտրության իրավունք, ընտանիք կազմելու ազատ իրավունք, խոշտանգումների արգելքը՝  որպես բացարձակ սկզբունք և այլ մի շարք հասկացություններին։ Օգտակար էր նաև, որ վկայակոչվեցին ներպետական և  միջազգային մի շարք իրավական ակտեր, որոնք ամրագրում են անձի հիմնական իրավունքները։
Սեմինարի ընթացքում  մասնակիցները լրացրեցին նաև «Փոխհարաբերությունների անհատական ցանց» հոգեբանական խաղը, որը վեր հանեց յուրաքանչյուրի սուբյետիվ մոտեցումը խտրականության վերաբերյալ։
Սեմինարը ավելի բովանդակալից դարձավ, երբ նաև  ներկաներին ներկայացվեցին իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ ինչպես ներպետական մարմիններին դիմելու,  այնպես էլ միջազգային եղանակով։ Դատական եղանակով իրավունքների պաշտպանության մեջ հատկապես մանրամասն ձևով ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ցուցադրվեց փոքրիկ տեղեկատվական տեսանյութ, որը պատմում էր, թե որ պարտադիր պայմանների բավարար լինելու պարագայում է ՄԻԵԴ-ը գործն ընդունում դատարան։ Իրավաբանը ներկայացրեց   մի քանի դատական նախադեպեր, որոնք ՄԻԵԴ-ը ընդունել է,  և որոնք ունեն մեծ  պրակտիկ նշանակություն։  
Ինչ վերաբերում է «ՄԻԱՎ-ն ու մարդու իրավունքները» թեմային, ապա մասնակիցները պատմեցին, որ իրականում շատ են հանդիպում մարդիկ, որոնք ՄԻԱՎ-ով են ապրում, սակայն  շատ հաճախ խտրական վերաբերմունքի են արժանանում։

Հետաքրքրական էր այն փաստը, որ սեմինարի սկզբում և վերջում  ՄԻԱՎ-ի վերաբերյալ նրանց կողմից լրացված թեստերի արդյունքները ընդհանուր առմամբ բավարար էին։ Ներկաները ծանոթացան ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքներին և պարտականություններին, տեղեկացան, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ազատված են զինվորական ծառայությունից։

Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակիցների շրջանում իրականացվեց ակտիվիստների քարտեզագրում, որի նպատական է ստեղծել ՏՍՏ և Տրանս* համայնքների ակտիվիստների բազա ՝ իրավապաշտպան գործունեության, մասնավորապես մոնիթորինգի և առողջապահության ոլորտում իրավունքների խախտման դեպքերի փաստագրման մեջ համայնքներին ակտիվ ներգրավելու համար:
Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր  «Նոր Սերունդ» Մարդասիրական և «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ների համագործակությամբ իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության  Եվրասիական Կոալիցիայի կողմից։