ՄԻԱՎ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՊԱՐՏՔՆ Է. ԼԵՎՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

12105924_975867545803643_9146726894196012406_nԱյլընտրանքային բաժնում այս անգամ առաջարկում ենք ընթերցել «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի աութրիչ աշխատակցի`Լևոն Չիլինգարյանի պատմությունը, նրա պայքարը հանուն մարդկության և նպատակասլացությունը հանուն արդարության:

«ՄԻԱՎ-ի մասին առաջին անգամ լսել եմ ծնողներիցս, երբ հեռուստատեսությամբ ներկայացնում էին հերթական վիճակագրությունը: Հիշում եմ՝ այն ժամանակ մեր ընտանիքում հակասական մտքեր էին հնչում հարուցիչի վերաբերյալ: Ամեն ինչ այնքան մռայլ էր թվում, որ սկսեցի ուսումնասիրել հիվանդությունը դեռ դեռահասության տարիքում: Գրքերից ոչ մի տեղեկատվություն չկարողացա հայթայթել ու դիմեցի համացանքի օգնությանը: Երբ ամեն ինչ արդեն պարզ էր այն մասին, թե ինչ է ՄԻԱՎ-ը, ինչպես է այն փոխանցվում ու ինչ հետևանքներ կարող է ունենալ այն չկանխելու դեպքում, սկսեցի դրա մասին իրազեկել լայն շրջանակների: Այսօր, երբ աշխատում եմ ՄԻԱՎ- կանխարգելման ծրագրով, ամեն օր զրուցում եմ մեկ տասնյակից ավելի մարդկանց հետ, ովքեր տեղյակ են հարուցիչի վերաբերյալ ու պատրաստակամություն են դրսևորում հետազոտվել, շատերին էլ ես եմ իրազեկում  հիվանդության վերաբերյալ:
Իսկապես, ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարծիք ունենալը ու ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ զրուցելը օգնում են հասկանալ, որ այն դատավճիռ չէ, ու մեզանից յուրաքանչյուրն էլ այն կանխելու հնարավորություն ունի:

Քաղցկեղով կամ գրիպով հիվանդ մարդուն խորթ աչքով չեք նայում, չէ՞ :ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մեզնից մեկն են: Տարիներ առաջ, երբ նկատեցի խտրական վերաբերմունք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, հասկացա, որ պետք է ու պարտադիր է դրա դեմ պայքարելը:

Ես վստահ եմ՝ մի օր անպայման բոլոր մարդիկ կխոսեն, չեն թաքնվի, չեն խուսափի մամուլի հետ շփվելուց, իրենց անունը կամ տարիքը ասելուց: Հիմա հասարակության վատ վերաբերմունքը ճնշում է, կոտրում ՄԻԱՎ-ով ապրողների երազանքները:

Հենց ՄԻԱՎ-ը կանխելու համար էլ արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ ծրագրում, որը իրականցնում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում:

2013 թվականից մինչև օրս մասնակցում եմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրին նվիրված տարբեր միջոցառումների, որոնք անցկացվում են թե՛ սեմիարների տեսքով, թե՛ ակումբային տարբերակով, և թե՛ զոհերի հիշատակին նվիրված բացօթյա մոմավառություններ կազմակերպելով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարելը մեր բոլորի պարտքն է»: