ՄԵՆՔ ԿԱՆՔ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Lilit Martirosyan«Նոր Սերունդ »Մարդասիրական հասարակական կազմակերպությունը Զրուցել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ:

Ո՞րն էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿի ստեղծման նպատակը:

Հայաստանի Հանրապետությունում կան կազմակերպություններ, որոնք աշխատում են ԼԳԲՏ անձանց խնդիրներով, սակայն կա կրկնակի թիրախավորված Տ խումբը՝ տրանսգենդեր անձինք: Տրանսգենդերները ավելի խոցելի են իրավական, հոգեբանական, սոցիալական և այլ տեսանկյուններից:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ստեղծման ամենաառաջնային նպատակն է զբաղվել տրանսգենդեր անձանց  խնդիրներով:

Ես՝ ինքս, լինելով համայնքի ներկայացուցիչ, ինքս լինելով տրանսգենդեր անձ՝ հասկանում եմ, թե ինչքան բացթողումներ կան մասնավորապես իրավական դաշտում՝ ոստիկանության, պետական այլ մարմինների, անձնագրերի հետ կապված ու բազում այլ ոլորտներում: Հոգեբանական տեսանկյունից ևս խնդիրներ կան: Տրանսգենդեր անձինք ունեն ընտանիքի կողմից, հասարակության կողմից, պետական մարմինների կողմից անարգված վիճակ:

Կազմակերպության բուն նպատակն է իրավական դաշտում պաշտպանել տրանսգենդեր անձանց իրավունքները տեղական և միջազգային մակարդակով:

Եղե՞լ են կազմակերպություններ, որոնք աջակցելու կամ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Այո: Բացի նրանից, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեր կողքին է թղթաբանական, իրավական, ֆինանսական աջակցության հարցերում, այլև այն մեր կազմակերպությունը հզորացնելու նպատակ է դրել:

Կան նաև մի քանի միջազգային կազմակերպություններ, որոնք փորձում են օգնել և հզորացնել մեր կազմակերպությունը:

Սակայն «Նոր Սերունդ»-ը միակ կազմակերպություններից է, որ  «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միշտ համագործակցելու է՝ իրավական և տարբեր ոլորտում տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերում:

Կարո՞ղ եք մանրամասնել ՀԿի հետագա անելիքները և ծրագրերը

Կան և ծրագրեր, և ծրագրերի   գաղափարներ, սակայն կուզենայի դրանք իրականացնել, հետո նոր խոսել:  Չեմ ուզում առայժմ բացել փակագծերը: Միայն ասեմ, որ ծրագրերի հիմնական ուղղվածությունը տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունն է տեղական մակարդակում:

Ենթադրելի է, որ ՀԿն իր գործունեության ընթացքում կբախվի բազում խոչընդոտների: Ինչպե՞ս եք պատրաստվում դրանք հաղթահարել:  

Նախ և առաջ հասարակութունը չգիտի, թե ինչ է նշանակում տրանսգենդեր:

Տրանսգենդեր անձանց առաջնային խնդիրը, որը նաև մեր ՀԿ-ի խնդիրն է, օրենքի բացակայությունն է: Ուզում ենք հասնել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնցով տրանսգենդեր անձը օրենքով կլինի պաշտպանված:

Տրանսգենդեր անձանց խնդիրների իրազեկման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել:

Հասարակությունը պետք է հասկանա՝ ովքեր են տրանսգենդեր անձիք և որոնք են իրենց խնդիրները: Այսօր ոչ ոք չգիտի տրանսգենդեր անձանց խնդիրների մասին: Մենք ունենք տրանսգենդեր անձանց ինքնասպանության փորձերի բազում օրինակներ, ունենք իրավական ոլորտում խոչընդոտների հանդիպած տրանսգենդեր անձինք: Ինչպես կդիմադրենք, դա արդեն կախված է մեր պատրաստակամությունից, մեր փոխօգնությունից, այլ կազմակերպությունների օգնությունից: Պետք է ամենաառաջինը բարձրաձայնենք, հասկացնենք, որ մենք կանք, և ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Բառն ինքնին հայ հասարակության համար անծանոթ է: Արդեն ժամանակն է տեսանելի դարձնել հասարակությանը, թե ովքեր ենք մենք:

Վերջերս կազմակերպած «Մենք կանք» ֆլեշմոբով հենց ցանկացանք ցույց տալ հասարակությանը, թե ովքեր են տրանսգենդեր անձինք:

Մենք հիմա պատրաստվում ենք մեծ սեմինարի ՀԿ և այլ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կվերաբերի համայնքի խնդիրներին, տերմինաբանությանը, որպեսզի շատերն իմանան, որ մենք կանք և մենք էլ այս հասարակության լիիրավ անդամներն ենք:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունվարի 24-ին  «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն «Մենք Կանք» ծրագրի շրջանակներում իրականացրեց ֆլեշմոբ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից:

2016թ.-ի փետրվարի 11-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրապարակել է «Տրանսգենդեր անձանց սեռափոխության կարիքները. իրավական խոչընդոտների գնահատում» զեկույցը, որի պատրաստմանը իր անմիջական աջակցությունն է ցուցաբերել «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն: