Դասընթաց Հրազդանում
2017 թ.-ի ապրիլի 26-28-ը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն անցկացրել է «Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով եռօրյա դասընթացը, որի երեք օրերի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն, ատելության խոսք» թեմաները:
Նշենք, որ «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում նմանատիպ դասընթացներ արդեն կազմակերպվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերում:
Հրազդանում դասընթացը վարում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Հայկ Հայրապետյանը և ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը:
Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Կոտայքի մարզպետարանից և Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնից, շահառուներ Հրազդանի զբաղվածության տարածքային գործակալությունից, ուսուցիչներ Հրազդանի թիվ 2 և թիվ 12 հիմնական, թիվ 10 և թիվ 13 ավագ դպրոցներից, ուսանողներ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջից:
Այս անգամ դասընթացը առանձնացավ նրանով, որ բավականին մեծ ակտիվությամբ մասնակցեցին նաև նշված դպրոցների աշակերտները:
Մասնակիցները նախ ծանոթացել են մարդու իրավունքների համընդհանուր հասկացությանը և պատմությանը, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական փաստաթղթերին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԽ-ի կառուցվածքին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
Այնուհետև քննարկել են խտրականության սահմանումը, տեսակները և պաշտպանված հիմքերը, այն միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են խտրականության արգելքին, մարդու իրավունքների պաշտպանության գործում պետության պոզիտիվ պարտավորությունները, մարդու իրավունքների իրավաչափ սահմանափակումների հիմքերը, վիրավորանքի, զրպարտության և ատելության խոսքի սահմանազատումները:
Դասընթացը բավականին ինտերակտիվ էր: Թեմաների ներկայացման ընթացքում մասնակիցները դիտել և քննարկել են մարդու իրավունքների և մարդու իրավունքների պատմության, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, խտրականության և վերջինիս հաղթահարման վերաբերյալ տեսանյութեր:
Խմբային աշխատանքների միջոցով քննարկել են ՄԻԵԴ-ի նախադեպային գործեր, այդ թվում «Արման Սահակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ լավագույնս են դրսևորված ներպետական օրենսդրական այն բացերը, որոնք առնչվում են մասնավորապես խտրականության մասին օրենքի և ատելության հիմքով իրավակիրառ պրակտիկայի բացակայությանը:
Դերային խաղերի միջոցով մասնակիցները նաև բեմադրել են հաշմանդամության, սեռական կողմնորոշման, կրոնի և գույքային վիճակի հիմքերով ուղղակի, անուղղակի և ասոցացված խտրականության դրսևորումներ գործատու-քաղաքացի, հասարակություն-քաղաքացիություն ունեցող/չունեցող անձ, պետություն-անձանց խումբ, դպրոց/ուսումնական հաստատություն-աշակետր/ուսանող հարաբերություններում՝ վերհանելով այն իրական հիմնախնդիրները, որոնք առնչվում են խտրականության առկայությանը մեր հասարակության մեջ:
Դասընթացը կազմակերպվել է «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: