ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը 2014թ.ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ ուսումնասիրել է ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային ակտերով ստանձնած պարտավորությունները, համեմատություններ անցկացրել այլ երկրների փորձի հետ: Ուսումնասիրության հիմնական ոլորտներն են՝
- Նույնասեռականության ապաքրեականացումը
- Ատելության խոսքը՝ ուղղված ԼԳԲՏ անձանց նկատմամբ
- Նույնասեռական ամուսնության իրավունքը
- Կենսաբանական սեռը փոխելու իրավունքը
- Առողջապահության ոլորտում ծառայությունների մատչելիության իրավունքը
- ԼԳԲՏ անձանց իրավունքները քրեակատարողական հիմնարկներում
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքում ԼԳԲՏ անձանց շարժումը և հավասար իրավունքների պայքարը միշտ եղել է կարևորագույն խնդիր: Գրեթե բոլոր հասարակություններում հավասար իրավունքների գաղափարը և բազմազանության տարածումը դեմ է առնում դժվարությունների և անհանդուրժողականության: Սեռական կողմնորոշման կարծրատիպերի երկար գոյությունը և ավանդական «ստանդարտները» բնորոշ օրինաչափություններ են ընտանիքներում, որն էլ խնդիր է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար:
Ինչպես նախկին խորհրդային այլ պետություններում, Հայաստանում նույնպես ԼԳԲՏ անձանց իրավունքները ոտնահարվում են: Վերջիններս հանդիսանում են խարանի և խտրականության թիրախ: Դրա մասին է վկայում նաև վերջերս ՀՀ ոստիկանության կողմից «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկը. այն է՝ «Ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»-ը, հոդված 47.8: Թեև օրենքի նախագիծը հետ է կանչվել և հանվել քննարկումից, այնուամենայնիվ ոստիկանության կողմից կատարված այս քայլը արդեն իսկ խոսում է թիրախային դարձած անձանց նկատմամբ հավանական սպառնալիքների առկայության մասին, որը պետք է կարգավորվի օրենքով: Իսկ այս պարագայում, եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակիորեն թիրախ է դառնում ԼԳԲՏ համայնքը: ԼԳԲՏ անձանց հետ կապված խնդիրներն ավելի սուր դրսևորում ունեն ՀՀ մարզերում, որոնք դեռ պատրաստ չեն կոտրելու կարծրատիպերը և ընդունել նրանց որպես հասարակության լիարժեք անդամներ:
Նույն խնդիրը առկա է նաև հայկական ԶԼՄ-ում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներն են պատասխանտու որոշակի ժամանակահատվածում հասարակական կարծիքի ձևավորման համար, վերջիններիս ներգրավվածությունը ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների տարածմանը կարող է որակավորվել որպես հակաքարոզչություն և զրպարտանք:
Կարևոր է նաև ընդգծել, որ իրավապաշտպան կազմակերպությունների մեծամասնությունը մարզերում հանձն չի առնում պատասխանատվություն վերցնել պաշտպանելու ԼԳԲՏ անձանց իրավունքները՝ վախենալով կորցնել վարկանիշը:
Մինչ ոլորտի խնդիրներին անդրադառնալը պետք է նշել, որ ԼԳԲՏ անձանց բնորոշող հասկացությունների պարզաբանման կարիք նույնպես կա: