Համերաշխության ընթրիքը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում

2017թ.-ի փետրվարի 28-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Համերաշխության ընթրիք»-ը ԼԳԲԻՔ անձանց համար:

Ինչպես անհատական, այնպես էլ համայնքային բարեկեցության կարևոր գործոններից մեկը համերաշխության զգացողության առկայությունն է: Առօրյա հոգսերի և ծանրաբեռնվածության պատճառով մենք հաճախ անտեսում ենք մեր հարաբերությունները ինքներս մեզ, այլ մարդկանց և աշխարհի հետ: Նման մթնոլորտը երբեմն հագենում է կոնֆլիկտածին իրավիճակներով, և մենք միմյանց փոխադարձաբար ընդունելու և հասկանալու փոխարեն էլ ավելի ենք սրում իրավիճակը: 
Համերաշխության ընթրիքը նպատակ ուներ մի հարկի տակ հավաքելու ԼԳԲՏՔ + մարդկանց և փորձելու դրական միջավայրի ու համեղ ընթրիքի ներքո արթնացնելու համերաշխության մթնոլորտը մեր ներսում և մեր միջև:

Ընթրիքի ընթացքում ստեղծվեց հաճելի և ջերմ երեկո, որտեղ յուրաքանչյուրը կարողացավ կիսել իր մտքերը, նույնիսկ այն պատմությունները, որոնց մասին երբևիցե չԷր խոսել կամ կիսվել: Հյուրերը կիսվեցին իրենց մտքերով՝  թե ինչ է իրենց համար համերաշխությունը կամ կարևորում ենք արդյոք այն մեր կյանքում կամ համայնքում:

Իսկ վերջում բացվեց շատ սպասված այն արկղիկը, որը «Հաղթահարենք ՄԻԱՎ-ի նկատմամբ վախերը միասին» թեմայով դասընթացի ժամանակ մասնակիցների գրի առած ցանկություններն ու պատրաստակամությունն էին աշխարհը առավել բարեկեցիկ և ներառական դարձնելու համար:

-Հանդիպման ֆասիլիտատորի առավելություններից մեկն այն է, որ խումբը մշտապես ուշադրությանդ կենտրոնում է և կարողանում ես հաղորդակից լինել սենյակում տեղի ունեցող ամեն բանի. այս հանդիպումը շատ արգասաբեր էր այդ տեսանկյունից: Անձամբ ինձ համար այն ոգևորիչ էր. հետաքրքիր էր լսելը մարդկանց կարծիքները համերաշխության շուրջ, որոնք նաև ուսուցողական էին,  իրենց անձնական պատմություններին հաղորդակից լինելը՝ շատ արժեքավոր: Հաճելի էր մերթընդմերթ նկատել, որ սենյակը ողողվում է ապրումակցման շնչով: Ես հավատացած եմ, որ ժամանակ առ ժամանակ նմանատիպ հանդիպումները անհրաժեշտ են, որովհետև անմիջական և բարյացկամ միջավայրը նպաստում է ներքին կաշկանդվածության աստիճանական թուլանալուն, ինչու չէ՝ նաև մտերմանալուն և համերաշխության մթնոլորտ ձևավորելուն: Հատկանշական էր նաև, որ ներկա էին մարդիկ, ովքեր առաջին անգամ էին հյուրընկալել կազմակերպություն, կարծում եմ՝ նմանատիպ նախաձեռնություններով մենք նպաստում ենք համայնքի ավելի միասնական լինելուն և առողջ հարաբերությունների ձևավորմանը:

«Համերաշխության ընթրիքի» ֆասիլիտատոր հոգեբան Էլվիրա Մելիքսեթյան: