Հաղթահարենք ՄԻԱՎ-ի նկատմամբ վախերը միասին թեմայով հանդիպումը

2017թ. փետրվարի 22-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ  «Հաղթահարենք ՄԻԱՎ-ի նկատմամբ վախերը միասին» թեմայով հանդիպումը:

ՄԻԱՎ-ի թեման մենահատուկ է այնքանով, որ այն հուզականորեն հագեցած է տարատեսակ նախապաշարմունքներով և ձևավորված միֆերով, որոնք ձևավորվում և տարածվում են հասարակության և ԶԼՄ-ների միջոցով: Հանդիպման նպատակն եր կոտրել այն կարծրատիպերը, որոնք մեր հասարակության մեջ հաճախ վախ է սերմանվում ՄԻԱՎ-ի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ, որը հանգեցնում է մեկուսացման:

Հանդիպմանը ներկա էին մարդիկ, ովքեր կիսվեցին իրենց մտքերով և փորձով: Ինտերակտիվ խաղի միջոցով մասնակիցները այրեցին թղթի վրա իրենց գրառմամբ այն վախերը, որոնք կապված  են ՄԻԱՎ-ի հետ, իսկ աշխարհը առավել բարեկեցիկ և ներառական դարձնելու ցանկություններն ու պատրաստակամությունը փաթեթավորվեցին գեղեցիկ մի արկղում՝ պատված ՁԻԱՀ-ի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավենով: Արկղիկը կբացվի և դրա պարունակությունը կընթերցվի 2017թ.-ի փետրվարի 28-ին կայանալիք համերաշխության ընթրիքի ժամանակ (մանրամասները  ԱՅՍՏԵՂ)

Հանդիպումը ֆասիլիտացնող Էլվիրա Մելիքսեթյանը ասում է.

«Ես կարևորում եմ նմանատիպ ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումները, քանի որ  հավատում եմ, որ դրանք գիտելիքի, փորձառության փոխանակման լավագույն տարբերակներից են: Շատ ողջունելի էր նկատելը հանդիպանը այդքան մարդկանց ներկա լինելը. դա նշանակում է, որ քննարկման թեման արդիական է, ինչը, բնականաբար, էլ ավելի է մոտիվացնում կազմակերպիչներին նմանատիպ հարթակներ ստեղծելուն: Ինձ համար շատ կարևոր էր հարթակը հիմնականում մասնակիցներին տրամադրելը, իսկ նրանց ակտիվությանը հետևելը՝ շատ ոգևորիչ: Հատկանշական է, որ որքան էլ խոսում ենք ՄԻԱՎ-ի մասին, բարձրաձայնում ենք միֆերը դրա շուրջ, բացահայտում վերջիններիս ձևավորման պատճառականությունը, այնուամենայնիվ, ՄԻԱՎ-ի նկատմամբ չարդարացված վախը հասարակության կողմից պահպանվում է կամ մասամբ է նվազում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ քննարկելու տարատեսակ հարցեր կապված երևույթի հոգեբանական ասպեկտի հետ, քանի որ, թերևս սա այն ոլորտն է, որը համապարփակ ուշադրության չի արժանանում: Դեռ շատ անելիք  ունենք ոլորտում՝ հոգեկան առողջության պահպանման և դրա վերականգնման տեսանկյունից, բայց իհարկե այս ամենը ժամանակ և համապատասխան ռեսուրսներ տրամադրելու կարիք ունի»: