Ենթադրամաշնորհային ծրագիր՝ ուղղված տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը

«Իրավունքի կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն 2016 թ.-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում իրականացրել է «Աջակցություն տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր նպաստել տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը կազմակերպության անհատների և կամավորների ներուժի հզորացման և շահերի պաշտպանության միջոցով:

Կազմակերպության ներկայացուցիչների գիտելիքների մակարդակը խտրականության և ռազմավարության մշակման վերաբերյալ բարձրացնելու համար «Իրավունքի Կողմ»-ը նախաձեռնել է «Աջակցություն տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը» երկօրյա դասընթացը:

Մասնակիցները մարդու իրավունքների համընդհանուր հասկացությունը, խտրականության տեսակները, դրսևորման ձևերն ու պատճառները քննարկելուց հետո սովորել են ռազմավարական պլանավորման հմտությունները, որոնք պետք է կիրառեն տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցման ուղղությամբ:

Դասընթացի ժամանակ նաև մշակվել է հակախտրականության ռազմավարության մեջ արտացոլվելիք տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցման ռազմավարական գործողությունների ցանկը:

Որպես շահերի պաշտպանության գործիք՝ պատրասատվել և հրապարակվել է մեկ տեսահոլովակ տրանսգենդեր անձանց նկատմամբ գոյություն ունեցող խտրականության և պայքարի ուղիների վերաբերյալ: Տեսահոլովակում տարբեր իրավապաշտպան հկ-ների ներկայացուցիչներ և տրանսգենդեր անձիք խոսել են ՀՀ-ում տրանսգենդեր անձանց նկատմամբ առկա խտրականության և պայքարի միջոցների մասին:

Ենթադրամաշնորհը տրամադրել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից իրականացվող «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը իրականացվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ֆինանսավորմամբ և նպատակ ուներ հզորացնել ՔՀԿ-ների՝ խտրականության կանխարգելմանն ու ապահով տարածքների ստեղծմանն ուղղված կարողությունները:

«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն 2016 թ.-ի հունիսի 10-ին Երևանում մասնակցել է «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի մասնակից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «Խտրականության արգելք և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառում» դասընթացին, որին նպատակն էր մասնակից կազմակերպությունների շահառուների շրջանում բացահայտել առաջնորդների և հզորացնել նրանց կարողությունները: