Գևորգ Սաֆարյանին սպառնացող վտանգի մասին

Գևորգ-Սաֆարյան-588x330_02016 թվականի հունվարի 21-ին երեկոյան 22:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ահազանգ ստանալով այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում դիտորդներ Ռ. Սարգսյանը, Օ. Զալյանը, Ա. Սահակյանը և Ս. Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Խմբի մոտ։

2016 թվականի հունվարի 22-ին Խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ։ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։ Դիտորդական Խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության և մեկնաբանության բովանդակությունները։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 20-ին Խումբը այցելություն էր կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց էր ունեցել Գ․Սաֆարյանի հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմին, Արդարադատության Նախարարությանը և Քրեակատարողական վարչությանը։