Գույնզգույն խոհանոց»-ի առաջին հանդիպումը

2017 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցավ «Գույնզգույն խոհանոց»-ի առաջին հանդիպումը:

«Գույնզգույն խոհանոց»-ի նպատակն էր երիտասարդներին միավորել մեկ վայրում, որպեսզի նրանք ծանոթանան միմիյանց հետ, կիսվեն համեղ ուտելիքներ պատրաստելու իրենց յուրահատուկ բաղադրատոմսերով, զրուցեն առօրյայի և ամենատարբեր հարցերի մասին:

Հայտարարությունը բաց էր. յուրաքանչյուրը կարող էր գրանցվել և մասնակցել:

Երիտասարդները պատրաստել են յուրահատուկ ուտեստներ, դեսերտներ: Կարելի էր նկատել, որ նրանք թիմային մոտեցում էին ցուցաբերում՝ աշխատելով օգնել իրար, ինչը շատ ոգևորող էր: Հետաքրքիր էր նաև այն, որ ոմանք եկել էին սովորելու, թե ինչպես են պատրաստում, օրինակ, պիցցան, մակարոնից պաստա, բլիթներ և այլն:

Պատրաստելուց հետո բոլորը նստեցին մեկ սեղանի շուրջ և իրենց պատրաստած ուտեստներն ու դեսերտները վայելելուն զուգահեռ սկսեցին նոր գաղափարներ ներկայացնել:

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ևս միացավ մասնակիցների կողմից պատրաստված ուտեսների սեղանին: Լսելով նոր գաղափարները՝ Ս.Գաբրիելյանը նշեց, որ երիտասարդները ազատ են հանդես գալու նոր նախաձեռնություններ իրականացնելու գաղափարներով՝ օգտագործելով գրասենյակի ռեսուրս կենտրոնի տարածքը կամ ֆինանսական աջակցությունը:

ՆՍՀԿ գրասենյակի օգնական Լևոն Չիլինգարյանը նախաձեռնության ավարտին վկայականներ հանձնեց մասնակիցներին տարբեր անվանակարգերում:

Մասնակցության հայտերը բավականին շատ են եղել, այդ իսկ պատճառով կազմակերպիչները որոշեցին պարբերաբար կազմակերպել «Գույնզգույն խոհանոց»՝ այն համալրելով նոր բաղադրատոմսերով, մասնակիցներով և գաղափարներով:  

Բոլորը լիահույս էին, որ հետագայում հանդիպումները կլինեն ավելի ինտերակտիվ, ընթացքում կկազմակերպվեն խաղեր և մրցույթներ: