Գործի վերաբացում քողարկված բողոքարկման եղանակով

IMG_229417.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված[3], որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսևորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության և դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով կապ ունեին այդ կազմակերպության հետ։ Քաղաքացիներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մկրտչյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի հիմնադիր «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի եւ խմբագիր Հովհաննես Գալաջյանի ՝ պնդելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող են, այլև՝ ատելության խոսքի դրսևորումներ։ 2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։ Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ին պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։ Այդուհանդերձ, այս վճռին կարևոր նշանակություն տրվեց քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ առաջին անգամ դատարանը քննության առավ ատելության խոսքի դրսևորումը և արձանագրեց խախտում՝ թեև դա բնորոշելով որպես վիրավորանք, այլ ոչ թե խտրականություն։

Դատական ակտի ուժի մեջ մտնելուց և վերջնական դառնալուց հետո Հայկ Բաբուխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդդեմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ խնդրելով վերաբացել դատական գործը այն հիմնավորմամբ, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել 2015թ. մայիսի 14-ի վճռի մասին, մինչդեռ ինքը հանդիսացել է դատավարության կողմ։ Վերաքննիչ բողոքը բավարարվել է և փակված դատական գործը վերաբացվել է։ Վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել 14/05/2015թ. դատական ակտը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։

Վերը նշված փաստերն առաջադրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ քողարկված բողոքարկման եղանակով վերանայման մասին հարց։ Սա նշանակում է, որ դատական գործը վերաբացվել է ոչ թե դատական կոպիտ սխալն ուղղելու կամ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով, այլ կողմին բողոքարկելու և գործի քննության ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար։ Գործի վերաբացումը նման եղանակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է մարդու իրավունքների կոպիտ խախտում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի իրավունքի խախտում։

Գործի փաստերից ակնհայտ է, որ Հայկ Բաբուխանյանը չէր կարող տեղեկացված չլինել 14/05/2015թ. դատական ակտի մասին, քանի որ ոչ միայն հանդիսանում է պատասխանող լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահը, այլ նաև իր բազմաթիվ հրապարակային ելույթներով անդրադարձել է այս դատական գործին և, ընդհանրապես, պատասխանողի դատավարության հիմնական ուղղորդողն էր։ Բացի այդ, Հայկ Բաբուխանյանը դատավարության մասնակից չէր, որպեսզի ծանուցված լիներ դատական ակտի մասին։ Դա են վկայում փաստերը։ Դատական հայցը ներկայացված է եղել, ի թիվս մյուսների, նաև  Հայկ Բաբուխանյանի դեմ, սակայն պատասխանողները միջնորդել են դատարանին վերջինիս որպես պատասխանողի փոխարինել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ իրավաբանական անձով, որը դատարանը բավարարել է, և Հայկ Բաբուխանյանը դադարել է հանդես գալ որպես դատավարության մասնակից՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով։ Նույնիսկ եթե ընդունենք, որ դատարանը ֆորմալ իմաստով Հայկ Բաբուխանյանին որպես պատասխանող իրավաբանական անձով փոխարինելու մասին ձեւական որոշում չի կայացրել, վերջինս չէր կարող տեղեկացած չլինել դատական քննության և իր շահերին առնչվող վճռի կայացման մասին։ Ի վերջո, հենց իր կողմից ղեկավարվող լրատվամիջոցի խմբագիրն է դատարանին միջնորդել Հայկ Բաբուխանյանին  հեռացնել դատավարության մասնակիցների ցանկից, որի մասին Հայկը Բաբուխանյանը տեղյակ է եղել և չէր կարող տեղյակ չլինել։ Հայկ Բաբուխանյանի և դատարանի այդ խիստ հակասական գործողությունները կանաչ լույս են տալիս ատելության խոսքի տարածմանը։ Առավել ցավալի է, որ ատելության խոսքի ջատագովը տվյալ դեպքում լրատվամիջոցի խմբագիր է։ Քանի որ տվյալ դեպքում վիճահարույց լրատվանյութը վերաբերում է ատելության խոսքին, բոլորովին հնարավոր չէ լրատվամիջոցի դեմ ուժի մեջ մտած դատական գործի վերաբացումը համարել որպես լրագրողական ազատության կամ արտահայտվելու ազատության հաղթանակ։ 

Նյութի աղբյուրը՝  hetq.am