Խոցելի խմբերի հիմնախնդիրները շարունակում են մնալ արդիական ՔԿՀ-երում

12016 թվականի հունիս 28-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը «Մեդիա կենտրոն»-ում մամուլի ասուլիս էր հրավիրել «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016 թվականի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով:

Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի նախագահ Արայիկ Զալյանը, դիտորդներ Ռոբերտ Ռևազյանը, Ռուբեն Սարգսյանը, Սերգեյ Գաբրիելյան և Արա Ղարագյոզյանը։  

3«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանն անդրադարձել է մասնավորապես ՔԿՀ-երում առկա և շարունակվող խտրական մոտեցումներին և առավել խոցելի խմբերի պահման պայմաններին: «Խոցելի խմբերը քրեական օրենքներին և գողական օրենքներին չենթարկվող խմբերն են, առողջական խնդիրներ ունեցող անձինք, նույնասեռականները, թմրամիջոցներ օգտագործողները կամ կամ մեթադոնային բուժում ստացող անձինք, որոնք առավել հաճախ են ենթարկվում խտրականության»,-նշել է Ս. Գաբրիելյանը: Խումբն ունի հստակ  միջոցներ, առաջարկություններ պատկան մարմիններին, բայց Արդարադատության նախարարության և այլ մարմինների կողմից իրականացվող փոփոխություններն այնքան չնչին են, որ չեն բերում նշված խմբի անձանց խնդիրների լուծմանը ՔԿՀ-ներում: «Կարելի է նաև արձանագրել, որ որոշ հարցերի լուծում իր մեջ ներառում է խտրական վերաբերմունք խոցելի խմբերի նկատմամբ: Եթե անձը նույնասեռական է, ներարկային թմրամիջոց օգտագործող է, հաշմանդամություն ունի, ապա նրանց խնդիրն այնքան էլ կարևոր չէ: Եվ այս խմբերի նկատմամբ խտրականությունը ավելի ծայրահեղ ձևով է արտահայտվում ՔԿՀ-ներում:»  

Ներկայացվել է նաև նշված ժամանակահատվածում Դիտորդական խմբի կատարած այցելությունների ամփոփ տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ խումբը կատարել է 57 այցելություն, որի ընթացքում աշխատել է 88 դատապարտված կամ կալանավորված անձանց հետ: Այցելությունները հիմնականում կատարվել են ահազանգերի և հրապարակումների հիման վրա: Այցելությունների 57 տոկոսը կատարվել է Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկ, Արմավիր, Աբովյան, Վարդաշեն, Կոշ և Սևան ՔԿՀ-ներ և Դատապարտյալների հիվանդանոց: Հիմնական խնդիրներն առնչվել են բուժսպասարկմանը, քրեական գործի ընթացքին, վաղաժամկետ որոշումներին, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերին, հացադուլներին և սննդի հետ կապված խնդիրներին, որոնց մի մասը լուծում ստացել է, իսկ մյուս մասի ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

2Հրաչյա Գևորգյանի գործին, այնուհետև բուժսպասարկման հասանելիությանը և որակին անդրադառնալով՝ Արայիկ Զալյանը նշել է, քրեակատարողական հիմնարկներում համակարգային որևէ խնդիր չի լուծվել, ինչը հնարավոր կլինի միայն քաղաքական կամքի առկայության պարագայում:  

Արա Ղարագյոզյանը ներկայացրել է հունիսի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը և ՔԿՀ աշխատակիցների կողմից կիրառված հատուկ միջոցները, իսկ ՔԿհ-ների ոչ կանոնադրական և հիերարխիկ հարաբերությունների մասին խոսել է Ռոբերտ Ռևազյանը:

Ասուլիսի ավարտին Գաբրիելյանը նշել է, որ քրեական օրենքների առկայությունը խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքներին նաև կալանավորվածների կողմից առկա հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու տեսանկյունից, քանի որ կա վախի մթնոլորտ: Արդյունքում Դիտորդական խումբը բազում պատնեշների է հանդիպում, սակայն պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե այն լինի երկկողմանի՝ Դիտորդական խմբի և կալանավորների ու դատապարտյալների համագործակցությամբ: